Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ուկրաինացի 2439 զինվոր, որոնք գտնվում էին գործարանի տարածքում, հանձնվել են։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ գործարանի «ամբողջական ազատագրման» մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ազովստալի» տարածքում գտնվող Ուկրաինացի զինվորականները սկսել են հանձնվել մայիսի 16-ին, նրանց հետագա ճակատագիրը, սակայն, անորոշ է։
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ փոխանակման ընթացակարգով նախատեսում են զինվորականներին տուն վերադարձնել։ «Ազովստալ»-ում գտնվող ուկրաինացիների թվում ոչ միայն կադրային զինվորականներ, սահմանապահներ, այլև ազգայնական հայացքներով հայտնի «Ազով» գնդի հարյուրավոր մարտիկներ կան, որոնց Ռուսաստանում նեոնացիստական գաղափարախոսության կրող են համարում։
«Նացիստ հանցագործները չպետք է փոխանակման ենթակա լինեն, դրանք ռազմական հանցագործներ են։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք կանգնեն դատարանի առջև», - անցած օրերին հայտարարել էր Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Այս հայտարարությունից ժամեր անց Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով ուկրաինական «Ազով» գումարտակը ահաբեկչական կառույց ճանաչել։