Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշեց բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը


Այսօր կառավարությունը որոշեց բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը։ Ըստ արդարադատության փոխնախարարի՝ նրանց վարձատրությունը չի համապատասխանում կարգավիճակին ու կրած պատասխանատվությանը։

«Ըստ այդմ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով», - ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանիը:

Այժմ մինչև բարձրացումը Սահմանադրական դատարանի դատավորները վճարվում են մոտ 560 հազար դրամ, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները՝ մոտ 540 հազար դրամ՝ առանց ամսական հավելավճարների։ Շեշտակի բարձր են դատարանների նախագահների աշխատավարձերը։

Փաշինյանը շտապեց լրացնել փոխնախարար Մինասյանի խոսքը, գիտեն, թե հանրությունն ինչպես է արձագանքում նման լուրերին, սակայն, ըստ վարչապետի, այս քայլին գնում են ոչ թե դատավորների, այլ Հայաստանի քաղաքացիների համար։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերին: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց և՛ սոցիալական, և՛ բարոյական վիճակի վրա, և՛ ընդհանուր ինքնազգացության վրա: Եվ մենք պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով», - հայտարարեց վարչապետը:

Ըստ Սաքունցի՝ բարձր աշխատավարձը կոռուպցիան արմատախիլ անելու երաշխիք չէ

Սակայն փորձագետների կարծիքով՝ անկախ ու կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու համար աշխատավարձի բարձրացումը պետք է վերջին, ոչ թե առաջին գործիքներից մեկը լինի։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ բարձր աշխատավարձը կոռուպցիան արմատախիլ անելու երաշխիք չէ, քանի դեռ չկա վեթինգ ու բարեվարքության հստակ համակարգ։

«Կոռուպցիայի արմատախիլ անելու կամ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ամենաանհրաժեշտ գործիքները պետք է կիրառել ու նոր աշխատավարձի բարձրացմամբ ամրապնդել դրանք: Զուգահեռ հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ կրթության բնագավառն ավելի նվազ կարևոր բնագավառ է, եթե չասեմ, որ ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառն է: Նույնիսկ անհամեմատելի են, չէ՞, ուսուցչի աշխատավարձի նույնիսկ այն ենթադրյալ բարձրացումը դատավորների աշխատավարձի կամ հավելավճարների բարձրացումից», - ընդգծեց Սաքունցը:

Դատական համակարգում Հայաստանում խոստացված բարեփոխումների մեծ մասն այդպես էլ չիրականացվեցին, ավելին՝ առայժմ չի լուծվել նաև համակարգի՝ եվրոպական չափանիշներով գերծանրաբեռնվածության հարցը։ Օրինակ՝ քաղաքացիական գործերով և՛ Երևանում, և՛ մարզերում միջին ծանրաբեռնվածությունը տարեկան 1500-2000 գործ է։ Այսպիսի ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներից մեկը նկատում է Կենտրոնական եվրոպայում անգամ 300 գործն արդեն շատ է համարվում։

«Երևի 2000-ին են մոտենում տարեկան գործերը, դրան գումարած նաև արբիտրաժներ, վճարման կարգադրություններ», - ներկայացրեց դատավորը:

Չնայած նման ծանրաբեռնվածությանը առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացում առաջիկայում չի սպասվում, տեղեկացանք Արդարադատության նախարարությունից։ Առաջին ատյանի դատավորների աշխատավարձը մոտ 460 հազար դրամ է, բայց բոլոր դատավորները ստանում են հավելավճարներ` կախված տարիներ փորձից:

Երևանի առաջին ատյանի, քաղաքացիական գործերով դատավոր Լիզա Գրիգորյանը նկատում է այս անգամ ևս կառավարությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում և չի բարձրացնում բոլորի աշխատավարձը։ Ինչո՞վ է առաջին ատյանի դատավորը պակաս կարևոր մյուսներից։

«Էս համակարգին բնորոշ է անընդհատ տարբերակում, անընդհատ ինչ-որ դասակարգում, տեսակավորում մտցնել: Մեր համակարգում, մեր պետությունում ընդունված չի արդարացի մոտեցում, պետք է անպայման ասեն՝ դե չէ, սրան առանձնացնենք, բայց էդ առանձնացումը պետք է ինչ-որ հիմնավորումներ, հիմքեր ունենա: Եթե խնդիրը կոռուպցիան է, Սահմանադրական դատարանում, Վճռաբեկ դատարանում շատ է կոռուպցիան, դրա համար ուզում են այդ հարցը լուծեն, ինչն է դրա հիմնավորումը», - ասաց Գրիգորյանը:

Ի տարբերություն այսպես ասած շարքային դատավորների՝ բարձր են վարձատրվում նաև նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները՝ մոտ 780 հազար դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG