Մատչելիության հղումներ

Վանիկ Բադալյանը սահմանամերձ Անիավանում ծիրանի այգի է հիմնել


Անիավանի ամայի տարածքում Վանիկ Բադալյանը չտեսնված-չլսված արդյունք է ստացել․ ցրտաշունչ ձմեռներով հայտնի համայնքում տարիներ առաջ ծիրանենիների մի մեծ այգի է հիմնել, ու արդեն առաջին պտուղներն է քաղել:

«Ես ինչխոր տանջվել եմ, էս կողքի ժողովուրդը կըսեին Վանիկին մալադեց էլի, որ ինքը իրանը ստեղծեց։ Բայց դժվարությամբ... ինքը իրան չեղավ։ Հարյուր քսան ծառ է», - «Ազատությանը» պատմեց Բադալյանը:

Ի տարբերություն Արարատյան դաշտավայրի, այստեղ ծիրանը 20 օր ուշ է հասունանում, բայց՝ ավելի քաղցր է. - «Ընտիր ծիրան է։ Վեցը տեսակի ծիրան կա, էսի վերջի, ընտիր ծիրանն է, խոշոր, համով։ Հողից է։ Էնտեղ կավահող է, սնունդը քիչ է հողի, իսկ ստեղանը սև հող է, սև հողի սնունդը շատ է»։

Տարվա այս ամիսներին երկու հիմնական խնդիր ունի՝ ծաղկած ծառերն է հաշվում, ու ջրի հաշվիչին հետևում․ սահմանամերձ գյուղը ոռոգման ջուր չունի, տարեց գյուղատնտեսը ստիպված է այգին խմելու ջրով ոռոգել։ Թոշակի մեծ մասը դրա վրա է ծախսում. - «Մենակ ջրի հարցն որ մի քիչ օգնեն պետությունը... Էն սեզոնին որ ջրում եմ, քսան հազար-քսանհինգ հազար ենլում է [ջրի վարձը]։ Թոշակ եմ ստանում 33 հազար, հերիք չի էնե»։

Անիավանում խմելու ջուր չկա դեռ խորհրդային տարիներից։ Ժամանակին այդ հարցը լուծում էին տեղում գործող արտադրական ձեռնարկությունները՝ գնացքով, մեծ ցիստեռներով ջուր էին հասցնում ու անվճար բաժանում գյուղացիներին: Հիմա այդ ձեռնարկությունները փակվել են, աշխատատեղերը՝ կրճատվել, գյուղի բնակչությունն էլ անցած երեսուն տարում 4 անգամ նվազել է:

Ժամանակին ինքը՝ Բադալյանն էլ էր համագյուղացիների նման հեռացել, բայց վերադարձել է․ - «Ես Մալդավիա եմ եղել։ 6 հատ ախպեր ունիմ, իմ ախպերներս սաղ ընդեղ են։ Տուն ունին, տեղ ունին, հող ունին, սեփական խանութներ ունին պահեստներ ունին։ Էնտեղ չեմ մնացել, որովհետև տղա չունեի։ 3 հատ աղջիկ ունեի, ըսի աղջիկներիս տանիմ ընդեղ, դե Ռուսաստանի կյանքը գիտես... Ստեղ մնացի, Աստծուն փառք, աղջիկներիս լավ-լավ ամուսնացրի, իմ տարիքս էլ ելավ։ Էս տարիքիս էլ չեմ երթա։ Աստծուն փառք, ստեղծել եմ ,ստեղ էլ կմնամ»:

Թուրքիայի սահմանից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում այսօր փաստացի 150 մարդ է ապրում, հիմնականում՝ տարեցներ։ Աշխատանք գտնելու հույսով երիտասրադներից շատերն են Ռուսաստան մեկնել, մեծ մասն էլ տեղափոխվել է մայրաքաղաք:

Անիավանը երկաթուղային կայարան է, ժամանակին՝ արդյունաբերական կենտրոն է եղել ու մինչև հիմա ավանի կարգավիճակ ունի։ Դա է պատճառը, որ բնակիչներից շատերը սեփականաշնորհումից հետո վարելահող չեն ստացել։

70-ամյա Բադալյանն էլ էր ստիպված մրգատու այգին քարքարոտ տարածքում հիմնել։ Շատ է չարչարվել, բայց չի դժգոհում, ասում է՝ իր փորձով էր ուզում ապացոցել, որ անգամ այս պայմաններում հնարավոր է արդյունքների հասնել. - «Ծիրանի սեզոնին ընդունող կա։ Ֆուռերը գալըմ կանգնըմ են Արագած, արկղ են տալըմ, արկղները բերում ես 1 տոննա 2 տոննա լցնում ես, տանում իրանց ես տալիս, էլ չեն էլ կշռում, մի արկղը կշռում ա տասը կիլո, հաշվում են 4500 դրամ մի արկղը։ Սիրուն լցնում ես, տալիս ես իրանց, փողդ առնում ես»։

Անիավանում ամայի հողատարածքներ էլի կան, որ կարող են այգու վերածվել, ասում է համայնքապետ Մարտիրոս Միրոյանը։ Նա համոզված է, որ գյուղից հեռացածները, եթե ցանկանան վերադառնալ, կարող են տեղում էլ չարչարվեն, բայց ապրուստի միջոց գտնեն։

Անիավան ու առհասարակ Անիի տարածաշրջանի գյուղեր ոռոգման ջուր երբ կհասնի հստակ չէ, որևէ ծրագիր էլ դեռ չկա: Քանի դեռ խնդիրը լուծված չէ, ինչպես գյուղացիներն են ասում՝ Աստծո հույսին են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG