Նախագահ Մակրոնն այսօր Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Էլիզաբեթ Բորնին, ով մինչ այդ զբաղեցնում էր երկրի աշխատանքի, գործազրկության ու ինտեգրացիայի հարցերով նախարարի պաշտոնը։ Նա Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կինն է, որ ստանձնում է կառավարության ղեկը։
Ֆրանսիական լրատվամիջոցները 61-ամյա վարչապետին բնութագրում են որպես արհեստավարժ «տեխնոկրատ», որը վայելում է Ելիսեյան պալատի լիակատար վստահությունը։ Մակրոնի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Բորնը ղեկավարել է տրանսպորտի նախարարությունը՝ իրականացնելով մի շարք վիճահարույց բարեփոխումներ։
Ակնկալվում է, որ այժմ էլ որպես վարչապետ նա առաջ կտանի Մակրոնի խոստացած փոփոխությունները կենսաթոշակային համակարգի բարելավման, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ուղղությամբ։ Նորանշանակ վարչապետն արդեն հանդիպել է նախագահ Մակրոնին և առաջիկայում պետք է հայտարարի նոր կառավարություն ձևավորելու մասին։