Մատչելիության հղումներ

Ուկրաինան Եվրամիությունից կստանա կես միլիարդ եվրո ծանր զենք գնելու համար


«Մեծ յոթնյակի» և Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Վայսենհաուս, Գերմանիա, 12 մայիսի, 2022թ.
«Մեծ յոթնյակի» և Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Վայսենհաուս, Գերմանիա, 12 մայիսի, 2022թ.

Ռուս սերժանտը մեղադրվում է անզեն բնակչի սպանելու համար

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 79-րդ օրը մեկնարկեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից մի շարք ուկրաինական թիրախների հարվածներ հասցնելու մասին պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հերթական զեկույցով:

Կրեմենչուգում նավթամշակման արտադրամաս ոչնչացնելուց բացի, ըստ Կոնաշենկովի, Խարկովի շրջանում խոցվել է երկու «Գրադ» կայանք, ռադիոլոկացիոն կայան և ամերիկյան արտադրության մեկ ՀՕՊ համակարգ:

Գեներալ-մայորը հայտնել է նաև Խարկովի օդային տարածքում ուկրաինական օդուժի Սու-27 տեսակի ինքնաթիռ վայր գցելու մասին:

Մինչդեռ, ոչ պակաս հետաքրքիր է այն, ինչ ուկրաինական պատերազմի թեմայով գեներալ-մայորը չի հայտնել: Խոսքը Կիևում մեկնարկած դատական գործի մասին է: Ռուսաստանցի զինծառայող Վադիմ Շիշմարինը մեղադրվում է Սումիի մարզում մի խաղաղ բնակչի սպանելու համար:

Անզեն տղամարդը փետրվարի 28-ին հեծանիվով անցնելիս է եղել Չուպախովկա գյուղի փողոցով, խոսել է բջջային հեռախոսով: 21-ամյա սերժանտ Շիշմարինն ինքնաձիգով գնդակ է արձակել 62-ամյա բնակչի գլխին: Թե որ մեղքի համար, հայտնի չէ:

Սա Ուկրաինայում առաջին դատական գործն է ռուս զինծառայողի կողմից անմեղ մարդու սպանության մեղադրանքով: Շիշմարինին դատում են Ուկրաինայի քրեական օրենսգրքի «Պատերազմի օրենքները և կանոնները խախտելու» հոդվածով:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է Շիշմարինը գերի ընկել, և թե արդյոք նա ընդունում է մեղադրանքը: Ըստ փաստաբանի, նա ասել էր, թե քաղաքացու վրա կրակելու հրամանն արձակել է հրամանատարը:

«Մեծ յոթնյակը» սատարում է Ուկրաինային

Պատերազմի 79-րդ օրը մի կարևոր իրադարձություն էլ տեղի է ունենում Գերմանիայում, Բալթյան ծովի մոտ գտնվող Վայսենհաուս բնակավայրի 400-ամյա պատմություն ունեցող վիլլայում հավաքվել են «Մեծ յոթնյակի»՝ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ներկա են նաև Ուկրաինայի և Մոլդովայի արտգործնախարարները: Եվ եթե օրակարգում առանցքայինն Ուկրաինայի թեման է, Մոլդովայի նախարարի ներկայությունը «Մեծ յոթնյակի» կողմից քաղաքական համերաշխության դրսևորում է, քանի որ Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքը սպառնալիք է նաև այդ երկրի համար:

«Մեծ յոթնյակի միասնությունը հզոր է, մենք օգնելու ենք Ուկրաինային մինչև ինքնիշխանության համար կռվում նրա հաղթանակը: Մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ, կա ագրեսոր, և կա զոհ, Ռուսաստանն է Ուկրաինայի վրա հարձակված ագրեսորը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

«Շատ կարևոր է շարունակել ճնշում գործարդել Վլադիմիր Պուտինի վրա, զենք տրամադրել Ուկրաինային, խստացնել սանկցիաները: «Մեծ յոթնյակը» միասնական է ազատությունը և դեմոկրատիան պաշտպանելու հարցում, մենք կշարունակենք միասին դա անել»,- ասել է Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:

Արդեն կա առնվազն մեկ հստակ խոստում՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելն ասել է, որ Ուկրաինան կստանա կես միլիարդ եվրո ծանր զենք գնելու համար:

«Ռուսաստանը պետք է հատուցում վճարի»

Էլ ինչ կարող է ստանալ Ուկրաինան: Տարբերակներից մեկն այսօր Վայսհաուսում առաջարկել է Ուկրաինայի արտգործնախարարը:

«Այսօր ես «Մեծ յոթնյակի» նախարարներին խնդրել եմ ընդունել համապատասխան օրենք և հաստատել անհրաժեշտ ընթացակարգերը ռուսաստանյան գույքն Ուկրանային փոխանցելու համար, որ Ուկրաինան կարողանա վերականգնել և վերակառուցել ավերված երկիրը: Ռուսաստանը պետք է հատուցում վճարի մեր երկրին հասցրած ավերի համար: Կանադան դա արդեն արել է, հուսով եմ, մնացածներն էլ վաղ թե ուշ դա կանեն»,- ասել է Կուլեբան:

Նրա համոզմամբ, Ռուսաստանը պետք է գին վճարի՝ քաղաքական, տնտեսական, բայց նաև ֆինանսական:

Պատերազմի կապակցությամբ Արևմուտքում կալանք է դրվել Ռուսաստանի արտասահմանյան բանկային հաշվեհամարների, արժեթղթերի, ֆինանսական այլ գործիքների, գույքի և այլ տեսակի սեփականության վրա:

Խոսքը հարյուր միլիադրավոր դոլարների մասին է: Մոսկվան այդ կալանքն անվանել է անարդարություն և կողոպուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG