Երեկ Հաագայում տեղի է ունեցել Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հանդիպումը:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը, անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:
Մարկ Ռուտեն մասնավորապես նշել է. - «Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան»:
«Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ», - հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Նիդերլանդների վարչապետը:
«Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք», - ասել է Մարկ Ռուտեն:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ, ապա շարունակել է. - «Ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը, ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»:
«Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով», - ասել է Փաշինյանը:
«Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում», - նշել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը և Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:
Հայաստանի վարչապետի այցը Նիդերլանդներ ավարտվել է: