Մատչելիության հղումներ

ՌԴ-ում իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցները բողոք են հայտնում Պուտինի վարած քաղաքականության դեմ


Մինչ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են պնդել՝ Ռուսաստանը Ուկրաինայում հաղթելու և հասնելու է բոլոր նպատակներին, իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցները իրենց բողոքն են հայտնում Պուտինի վարած քաղաքականության դեմ։

Մայիսի 9-ին իշխանամետ Lenta.ru հրատարակության կայքում Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով նախագահ Պուտինին քննադատող սուր վերնագրերով 10 հոդված էր հայտնվել՝ «Պուտինը սանձազերծեց 21-րդ դարի արյունալի պատերազմներից մեկը», «Զելենսկին ավելի ուժեղ է, քան Պուտինը», «Ռուսական վերնախավը կամքից զուրկ է », «Վլադիմիր Պուտինը վերածվել է ողորմելի դիկտատորի և պարանոյիկի», «Ռուսաստանը սպառնում է ոչնչացնել ամբողջ աշխարհը»։

Խմբագիրներն արագ հեռացրել են այս նյութերը, սակայն կայքի արխիվը պահպանել է առաջին էջի տեսքը։ Lenta.ru-ն չի մեկնաբանել իրավիճակը։ Հրատարակության գլխավոր խմբագիր Վլադիմիր Տոդորովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ սթրեսային վիճակում են և դեռ չեն մեկնաբանում կատարվածը:

Սկանդալային հոդվածների հրապարակումից քիչ անց տեղեկություն տարածվեց, որ պատերազմի ու Պուտինի դեմ վերնագրերն ու հոդվածները տեղադրել են հենց հրատարակության աշխատակիցները՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը. «Սա «հակերների կողմից հարձակում չէ, սա մեր գիտակցված որոշումն է, որը կայացվել է համեմատաբար շատ վաղուց, բայց հնարավոր չի եղել արագ իրականացնել»:

Հայտարարությունը ստորագրած խմբագիրներ Եգոր Պոլյակովը և Ալեքսանդրա Միրոշնիկովան պնդում են, որ անձամբ են ճանաչում շատ լավ և արժանի մարդկանց, ովքեր աշխատում են իշխանամետ լրատվամիջոցներում և պատերազմի հակառակորդներին կոչ են անում միավորվել՝ «անկախ նրանց հայացքներից»։

Ի՞նչ կլինի նման սկանդալի գնացած խմբագիրների հետ, դեռևս հայտնի չէ, հստակ է, որ աշխատանքը Lenta.ru-ում նրանք արդեն կորցրել են, նման ակցիաներ իշխանությունները չեն ներում։ Ռուսական, այսպես ասած, ինտելեկտուալ հասարակությունը կիսված է երկու մասի՝ մի մասը դեմ է պատերազմին և ակտիվ այդ մասին հայտարարում է, մյուս մասն էլ կա՛մ լռում է, շարունակելով իրենց աշխատանքը նաև իշխանամետ մեդիաներում, կա՛մ հայտարարում է, թե աջակցում է Պուտինին, և դատապարտում նրանց, ովքեր դեմ են արտահայտվում։

Պատերազմը դատապարտող լրագրողների մեծ մասը ստիպված է եղել թողնել երկիրը0

Lenta.ru-ի սկանդալային հրապարակումները միակ անախորժությունները չեն, որոնց երեկ առերեսվել են Ռուսաստանի իշխանությունները, հաքերային հարձակումների արդյունքում կայքերից շատերում հայտնվել էին պատերազմը և Պուտինի քաղաքականությունը կոշտ քննադատող գրառումներ։ Իսկ տոնական համերգի ժամանակ, որը օնլայն հաղորդում էին դաշնային հեռուստաալիքները, Մեծ հայրենական պատերազմի մասնակցիների լուսանկարների շարքում էին հայտնվել ամերիկացի հայտնի հանցագործներ՝ Բոնիի և Կլայդի լուսանկարները։ Հայտնի չէ՝ այս մեկն էլ հաքերային հարձակում կամ բողոքի ակցիա, թե՞ պարզապես համերգի կազմակերպիչների անփութություն էր։ Լուսանկարները հեռացվել են։

Ռուսաստանում թեև պատերազմ չի հայտարարվել, ռուսական բանակի քննադատության կամ պատերազմի դեմ բողոքելու համար մարդիկ նույնիսկ անազատության են դատապարտվում։ Փողոց դուրս են գալիս առանձին մարդիկ՝ պիկետների խաղաղության մասին պաստառներով, նրանց բոլորին անմիջապես բերման են ենթարկում, եթե նույնիսկ պաստառի վրա գրված է լինում պարզապես «դեմ ենք ֆաշիզմին» կամ «մենք խաղաղություն ենք ուզում»։

XS
SM
MD
LG