Հանրահավաք անցկացնելու նպատակով երեկ Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները ծեծի ենթարկում տարեց մարդկանց։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել, որ նույն օրը, ընդդիմության ավտոերթի ընթացքում, Գյումրիի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին», - մանրամասնում է կոմիտեն:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։
Նախաքննության ընթացքում, ըստ ՔԿ-ի, պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: