Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը


Շնորհավորական ուղերձներ են հղել երկրի վարչապետը և նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան», - ասված է Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:

Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է», - հայտարարում է Փաշինյանն իր ուղերձում, որ տարածել է վարչապետի աշխատակազմի լրատվականը։

Պետության ղեկավարը վստահեցնում է, որ «ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու»․ - «Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով»:

«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի», - նշված է ուղերձում։

«Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը նվիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զավակների առաջ: Պատերազմներում նրանց տարած հաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անհաջողությունները պիտի դառնան կյանքի հաղթանակ», - ասված է Հայաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում։

«Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է»

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյան, արխիվ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյան, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատրյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից»:

«Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:

Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը», - նշված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

«Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին», - ասված է ուղերձում։

«Համազգային համախմբվածությունն ու միաբանությունը առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում»

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձում։

«Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին», - նշված է ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները», - ընդգծում է Վեհափառ հայրապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG