Մատչելիության հղումներ

Նոր կոռուպցիոն սկանդալ՝ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների վերակառուցման շուրջ


Ադրբեջանում գնալով աճում են մտահոգությունները, որ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցումը կոռուպցիոն մեխանիզմներով է ընթանում։

Պետությունը թափանցիկ չի աշխատում՝ հայտնի չեն վերակառուցման ծրագրերի համար կատարվող ծախսերը, տենդերներ գրեթե չեն հայտարարվում և պետական պատվերները բաժին են հասնում միայն մի քանի ընկերությունների, «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նկատել է տնտեսագետ Կուբադ Իբադօղլուն։

Փորձագետը ուսումնասիրել է կանաչապատման աշխատանքներով զբաղվող ընկերությունների ցանկը՝ «Սուգովշան», «Հեքերի», «Դոստ», «Զանգեզուր» ագրոպարկերը պատկանում են խոշոր ընկերությունների, որոնք, ըստ լրագրողական հետաքննությունների, կապված են իշխող ընտանիքի հետ։ Տնտեսագետն ասում է՝ հիմքեր կան պնդելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնողական աշխատանքների հետևում կոռուպցիոն լուրջ մեխանիզմներ են գործում։

«Պետությունը իր մեխանիզմներով է իրականացնում վերակառուցման աշխատանքները: Օրինակ՝ առանց թափանցիկության են աշխատում, մրցույթներ չեն հայտարարվում, նախագահականն է որոշում՝ որ նախագիծը որ ընկերությանը հանձնել: Այս ամենը խոսում է կորուպցիոն սխեմաների մասին և այն ամենաբարձր օղակների կողմից է հովանավորվում և վերահսկվում», - նշել է Կուբադ Իբադօղլուն:

Ադրբեջանական իշխանությունները չեն էլ հերքում, որ այդ տարածքների վերակառուցման համար մրցույթներ չեն անցկացվել՝ պատճառաբանելով, թե հարցը հրատապ է և մրցույթ հայտարարելու ժամանակ չի եղել: Այնուհանդերձ, կոռուպցիայի մասին պնդումները պատկան մարմինները կտրականապես հերքում են: Իսկ վերակառուցմամբ զբաղվող ընկերությունները «Ազատությանը» ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

2021 թվականին պետբյուջեից շուրջ 1.3 միլիարդ դոլար է հատկացվել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման համար: Նույնքան էլ նախատեսված է 2022 թվականի բյուջեով: Կառավարությունը, սակայն, չի բացահայտում, թե այդ գումարը ինչպես է օգտագործելու։ Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ վերջին շրջանում հանրային կասկածներ կան հատկապես Շուշիում մեծ թափով ընթացող շինարարության կոռուպցիոն մեխանիզմների շուրջ։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, 26 հոկտեմբերի, 2021թ.
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, 26 հոկտեմբերի, 2021թ.

Հայտնի չէ նաև, թե օրինակ Ֆիզուլիի օդանավակայանի կառուցման համար ինչքան գումար է ծախսվել, որ ընկերությունը և ինչ պայմաններով է իրականացրել այդ շինարարությունը: Ադրբեջանի վերահսկիչ պալատը նախատեսում է աուդիտ անցկացնել, թե ինչպես են ծախսվել վերակառուցման համար հատկացված գումարները:

Տնտեսագետ Կուբադ Իբադօղլուի կարծիքով, Վերահսկիչ պալատի որոշումը պատահական չէ և կապված է տեղական և միջազգային քննադատության հետ. «Միջազգային կառույցների ներկայացուցիչները նաև Բաքվում ԱՄՆ դեսպանը անդրադարձել է այս թեմային: Այս ոլորտում պետք է մրցակցություն ապահովել, այլապես, օրինակ, ամերիկյան ընկերությունները չեն կարող մասնակցել մրցույթներին և աշխատել: Կառավարությունը ուզում է միջազգային ներդրումներ ներգրավել, դրա համար էլ աուդիտ է անցկացնում: Իշխանությունները գիտակցում են, որ փակ են պահում այս ոլորտը՝ ոչ մի տեղեկություն չեն հայտնում, տվյալները թաքցնում են»:

Ադրբեջանի Վերահսկիչ պալատը չի պատասխանել «Ազատության» հարցմանը, թե ինչ ծախսեր են ուսումնասիրելու։ Ավելի վաղ, Միլի մեջլիսի իշխանական պատգամավոր Հիքմեթ Մամեդովը «Ազատությանը» ասել էր, թե կառավարության համար առաջնահերթություն է Ղարաբաղի վերակառուցման ու վերաբնակեցման համար հատկացված գումարների թափանցիկությունը: Նրա կարծիքով, իշխանություններին կոռուպցիայի համար մեղադրում են նրանք, ովքեր ուզում են, որ ծրագիրը վերանայվի:

Ադրբեջանցի տնտեսագետը կարծում է՝ այս կասկածները ցրելու համար կառավարությունը պետք է թույլ տա հանրային աուդիտ անցկացնել, այսինքն փակ պահվող տվյալները պետք է հասանելի դառնան անկախ տնտեսագետների, հասարակական կազմակերպությունների համար։ Ադրբեջանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով աշխարհում ստորին հորիզոնականներում է: Ըստ Transparency International-ի անցած տարվա զեկույցի՝ 180 երկրների շարքում 128-րդ տեղում էր:

XS
SM
MD
LG