Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՍԴ-ն հաջորդ շաբաթ կքննի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակման հարցը


Կուսակցության աջակիցների բողոքի ակցիան, արխիվ, Թուրքիա
Կուսակցության աջակիցների բողոքի ակցիան, արխիվ, Թուրքիա

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հաջորդ շաբաթ կքննի խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակման հարցը: Կուսակցության փակման գործը գլխավոր դատախազությունը հարուցել է 2021 թվականի հունիսին «անջատողական գործունեության և Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունենալու համար»:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` գործի առնչությամբ նոր ապացույցներ են ներկայացվել դատարան, որոնք քննության արդյունքում կարող են կցվել գործին: Նյութեր են ներկայացվել մասնավորապես կուսակցության նախկին պատգամավորներ Բեհչեթ Յըլդըրըմի և Սեմրա Գյուզելի քրդական զինված շարժման հետ կապի վերաբերյալ:

Սեմրա Գյուզելի գործով որպես ապացույց ներկայացվել են նրա լուսանկարները քուրդ զինյալներից մեկի հետ, որը սպանվել էր Ադըյամանի մերձակայքում թուրքական զինված ուժերի գործողություններից մեկի ժամանակ:

Կուսակցության փակման գործը վարող դատախազը դեռ անցած տարի Սահմանադրական դատարանին միջնորդել է կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար: Եթե դատարանը որոշի փակել կուսակցությունը, ապա այս անձինք հինգ տարի չեն կարողանա քաղաքական գործունեություն ծավալել և անդամակցել այլ կուսակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG