Մատչելիության հղումներ

Ներքաղաքական առճակատումը ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում. Տեր-Պետրոսյան


«Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին», -ilur:am-ում հրապարակված հոդվածում նշել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը:

Տեր-Պետրոսյանի կարծիքով «ընթացիկ ներքաղաքական առճակատումը» ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում:

«Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:

Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը», նշել է առաջին նախագահը:

Լևորն Տեր-Պետրոսյանն ընդգծել է՝ անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը. «Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»:

Ըստ նախկին նախագահի, խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ. «Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»:

«Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:

Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով»:

Տեր Պետրոսյանը նշել է՝ եթե մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, «թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։ Ընդդիմությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ այսօր առավոտից կշարունակեն անհնազանդության ակցիաները։

XS
SM
MD
LG