Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխ, «Ալֆա-Բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող շքեղ առանձնատան վրա:
Copab անվամբ վիլլան գտնվում է Սեն-Տրոպեում և ունի 580 քառակուսի մետր տարածք: Ըստ կադաստրի փաստաթղթերի, առանձնատունը պատկանում է SNC COPAB ֆրանսիական մասնավոր ընկերությանը, որի շահառուներն են ռուս օլիգարխի դուստրեր Լարիսա և Եկատերինա Ֆրիդմանը: Գույքի ևս 1 տոկոսն էլ պատկանում է Ֆրիդմանի նախկին կնոջը՝ Օլգա Այզիմանին:
Copab վիլլայում կա 10 ննջասենյակ, տարածքում կա լողավազան, շոգեբաղնիք և առանձին հարթակ ուղղաթիռի համար:
Այս վիլլան համացանցում ունի իր կայքը և վարձով է տրվում ամսական 180-ից 440 հազար եվրո գումարով:
Միխայիլ Ֆրիդմանը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ Եվրոպական միության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսաստանցի առաջին օլիգարխներից մեկը:
Նման պատժիչ որոշումներ են կայացվել նաև «Ալֆա-Գրուպի» մյուս համասեփականատեր Պյորտ Ավենի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամները համարվող գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Սերգեյ Ռոլդուգինի և այլ մեծահարուստների նկատմամբ:
Ֆրիդմանին պատժամիջոցի ենթարկելու հիմնավորման փաստաթղթում ասվում է, որ նա սերտ կապեր ունի նախագահի աշխատակազմի հետ և նպաստել է 2014 թվականին Ղրիմի բռնազավթմանը:
Ֆրիդմանը Blomberg գործակալությանը տված հարցազրույցում «անարդար» է անվանել սանկցիայի որոշումը: Նա ասել է, թե իր բանկային քարտն արգելափակված է, ծախսերի չափը թույլատրվել է մինչև ամսական 3300 եվրո: Նա գանգատվել է, թե փող չունի «նույնիսկ Լոնդոնի առանձնատան մաքրության համար»:
«Ես, իհարկե, կարող եմ միայնակ դա անել, դա նորմալ է, ուսանողության տարիներին ապրել եմ հանրակացարանում ևս չորս տղամարդկանց հետ մի սենյակում: Բայց 35 տարի անց դա անսպասելի է»,- խոստովանել է օլիգարխը: