Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, կհանդիպի նաև Էնթոնի Բլինքենի հետ


Մայիսի 2-ից 6-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան նաև հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Ապրիլի վերջին Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնող միակողմանի գործողությունները։ Թե Բաքվի որ գործողությունները նկատի ուներ, պետքարտուղար Բլինքենը չի հստակեցրել։ Հարկ է նկատել, որ նախկինում Նահանգներից բարձր մակարդակով հնչող նմանօրինակ հայտարարությունները հիմնականում ոչ հասցեական էին։

Հիշեցնենք՝ Բլինքեն-Միրզոյան հանդիպում տեղի է ունեցել Ստոկհոլմում՝ 2021-ի դեկտեմբերին։ Նրանք քննարկել են սահմանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրները։ Հանդիպումից հետո Միրզոյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում․ - «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով»։ Նույն օրը Էնթոնի Բլինքենը հանդիպել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

XS
SM
MD
LG