Առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
«Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայից վերադարձի ճանապարհին:
Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։
Կողմերը երկու հանդիպումներից հետո նույն հայտարարություն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների: