Մատչելիության հղումներ

«Ազովստալ»-ից քաղաքացիական անձանց տարհանումը շարունակվում է


«Ազովստալ»-ից տարհանվածները Բեզիմեննոյե գյուղի վրանային ավանում, 1-ը մայիսի, 2022թ․
«Ազովստալ»-ից տարհանվածները Բեզիմեննոյե գյուղի վրանային ավանում, 1-ը մայիսի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր երեկոյան հաղորդեց, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հաջողվել է տարհանել «ուկրաինացի ազգայնականների կողմից պահվող» 80 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների։ Տարհանումը, ըստ գերատեսչության, իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։

Բոլոր տարհանվածներին տեղավորել են Բեզիմեննոյե գյուղի վրանային ավանում, ուկրաինական կողմի վերահսկած տարածք մեկնել ցանկացողներին հանձնել են Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, փոխանցում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Միաժամանակ, UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկնարկել է «Ազովստալ»-ի ապաստարանում պատսպարված քաղաքացիական բնակչության տարհանումը, մոտ 100-հոգանոց առաջին խումբը մեկնում է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք և վաղը կժամանի Զապորոժիե։

Ժամեր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ազովստալ»-ին հարող տարածքից այսօր ևս 40 քաղաքացիական անձ է դուրս բերվել՝ 18 տղամարդ, 14 կին և 8 երեխա։ Առավոտյան էլ հաղորդվել էր համապատասխանաբար 25 և 21-հոգանոց երկու խմբերի տարհանման մասին։

Տարհանվածներից մեկը ТАСС լրատվական գործակալությանը հայտնել էր, որ «Ազովստալ»-ի բունկերներում կարող են դեռ լինել շուրջ 300 քաղաքացիական անձինք։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալ»-ի գրոհը և հրամայել է չեղարկել այն։

Ըստ առկա տվյալների՝ գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիական անձինք։ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանման խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։

XS
SM
MD
LG