Մատչելիության հղումներ

Այս տարի ուկրաինացի փախստականների թիվը կհասնի 8,3 միլիոնի


Փախստական մայրը զավակի հետ հատել է ուկրաինա-ռումինական սահմանը, Սիրետ, Ռումինիա, 18-ը ապրիլի, 2022թ.
Փախստական մայրը զավակի հետ հատել է ուկրաինա-ռումինական սահմանը, Սիրետ, Ռումինիա, 18-ը ապրիլի, 2022թ.

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները նախազգուշացնում են, որ Ուկրաինայից փախստականների թիվն այս տարվա ընթացքում էապես կավելանա և, ըստ հաշվարկների, կհասնի 8 միլիոն 300 հազարի:

«Գնահատելով Ուկրաինայում ստեղծված կացությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և գործընկեր կազմակերպությունները երեկ որոշել են հարևան երկրներում, կոնկրետ՝ Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետություններում, այդ թվում՝ Բելառուսում, Բուլղարիայում և Չեխիայում ակնկալվող 8 միլիոն 300 հազար փախստականներին օգնելու համար հայթայթել 1 միլիարդ 850 միլիոն դոլար», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:

Փետրվարի 24-ին սկսված պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն 700 հազար բնակիչներ լքել են տները: Նրանցից 7 միլիոն 700 հազարը ներքին տեդահանվածների կարգավիճակում է, իսկ ավելի քան 5 միլիոնն ապաստանել է արտասահմանում:

Պատերազմի առաջին շրջանում ՄԱԿ-ի փորձագետները ենթադրում էին, որ փախստականների թիվը կհասնի 4 միլիոնի, սակայն այդ թիվը գերազանցվել է դեռ մարտ ամսվա ընթացքում:

Միայն անցած 24 ժամում Ուկրաինայից հարևան երկրներ է տեղափոխվել ավելի քան 30 հազար մարդ: Շաբիա Մանտուի փոխանցմամբ՝ այսքան կարճ ժամանակաշրջանում նման մեծ թվով մարդկանց տեղահանություն արդի պատմության ընթացքում չի եղել:

Եթե տարվա ընթացքում ուկրաինացի փախստականների թիվն իրոք հասնի 8 միլիոն 300 հազարի, ապա Ուկրաինան կհայտնվի աշխարհում առաջին տեղում: Այսօրվա դրությամբ փախստականների թվով առաջինը Սիրիան է, որտեղ 6 միլիոն 800 հազար բնակիչներ են պատերազմի պատճառով հեռացել իրենց տներից:

Մինչդեռ, փախստականներին տեղավորելուց զատ հսկայական գումարներ են անհրաժեշտ նաև Ուկրաինայի տարածքում ծանր վիճակում ապրողներին օգնելու համար:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը մարտի 1-ին հայտարարել է, թե պատերազմի հետևանքով օգնության կարիք ունի 8 միլիոն 700 հազար մարդ, և 1 միլիարդ 100 միլիոն դոլար է խնդրել դոնոր երկրներից:

Անցած օրերին վարչությունը վերանայել է հաշվարկները և հայտնել է, որ կարիքավորների թիվը 15 միլիոն 700 հազար է, ուստի անհրաժեշտ է նախնական գումարի ավելի քան կրկնապատիկը՝ 2 միլիարդ 250 միլիոն դոլար:

Խոսքը տուժած մարդկանց ֆինանսական աջակցություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության իրերով և կացարանով ապահովելու մասին է:

XS
SM
MD
LG