Մատչելիության հղումներ

28-ամյա հղի կնոջը վրաերթի է ենթարկել ծառայություն իրականացնող ՃՈ մեքենան


Երևանում այսօր Ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից վրաերթի ենթարկված 28-ամյա հղի կնոջը սրտի կանգով` արդեն մահացած են տեղափոխել հիվանդանոց, «Ազատությանը» փոխանցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, որը մահացել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է, իրականացվում են այլ գործողություններ՝ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG