Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը


Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 3-ը փետրվարի, 2022թ.
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 3-ը փետրվարի, 2022թ.

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի և բանակցային գործընթացի հարցերը: Նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը տրամադրել բանակցություններում, այդ թվում՝ հանդես գալ որպես միջնորդ: Նախագահը նշել է, որ սկզբունքորեն դրական է տրամադրված Թուրքիայի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում:

Էրդողանն ասել է նաև, թե «անհրաժեշտ է հնարավորինս արագ խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանել Մարիուպոլից, որտեղ իրավիճակն օրըստօրե վատթարանում է»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, թե Անկարան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հստակեցնել, թե ինչ է ենթադրելու այդ կարգավիճակը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի կարող Ուկրաինային առաջարկել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք սահմանված են ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածով՝ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա:

XS
SM
MD
LG