Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին. ապրիլի 25-ից բողոքի ապակենտրոն ակցիաներ են լինելու


Արցախի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին՝ ապրիլի 25-ից բողոքի ապակենտրոն ակցիաներ, քայլերթեր են լինելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու նպատակով կիրակի օրվանից Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասում է՝ այս քայլերի նպատակն է ունենալ ազատ, ինքնիշխան Արցախ ու Հայաստան։

«Մարդկանց մոտ գրեթե 100 տոկոսով կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, որովհետև Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը կործանարար է Հայաստանի և Արցախի համար, այդ կոնսենսուսը կա։ Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է հանրությանը բացատրենք, որ սա իշխանափոխության խնդիր չի, անձերի կռիվ չի, այլ գաղափարի կռիվ է՝ հանուն հայրենիքի», - նշեց Վանեցյանը։

Գործող իշխանություններին հեռացնելու նպատակով՝ ամբողջ թիմով ու ռեսուրսով փողոց դուրս գալու մասին նախօրեին հայտարարել է նաև ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Ազատության հրապարակ պարբերաբար այցելում են, սակայն չեն միացել Վանեցյանի նստացույցին։


«Ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում՝ ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք», - նշեց Սաղաթելյանը։

Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, չի կարծում, թե ընդդիմությունը մեծաթիվ համակիրներ ունի և կկարողանա իշխանափոխություն անել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, էն որ նրանք պայքարում են հենց այդ կարգի դեմ, հենց այդ իշխանությանն են իրենք ուզում փոխել, ակնհայտ է։ Բայց ես նորից ուզում եմ ասել՝ ոչ, տեղի չի ունենա, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը մնալու է ժողովրդինը»։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն ասում է՝ իշխանափոխության նախադրյալներ կարող են ստեղծվել, եթե ընդդիմությունը գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի, ինչը այս պահին չի անում:

«Հասարակությունն ակնկալում էր, որ նրանք կներկայացնեն այն, թե ինչ են պատրաստվում անել իշխանափոխությունից հետո, եթե դա նրանց հաջողվի, իսկ այստեղ հետագա քայլերի մասին որևէ կոնկրետություն չկա։ Այս պահին, հաշվի առնելով գործող իշխանությունների վարկանիշը ու հաշվի առնելով ընդհանրապես ստեղծված իրողությունները, իրականում իշխանափոխության հավանականությունը բավականին բարձր է, բայց մի պայմանով, որ ընդդիմությունը շատ հստակ ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել իշխանափոխությունից հետո։ Եթե առաջին քայլը իշխանափոխությունն է, ապա հասարակությունը պետք է իմանա, թե որն է 2-րդ քայլը, 3-րդը և դա ինչպես է իրականացվելու։ Եթե դա տեղի չունենա, չեմ կարծում, որ ընդդիմությունը, որքան էլ որ համախմբված լինեն, կարողանա հասնել իրական արդյունքների», - նշեց քաղաքական մեկնաբանը։

Ե՞րբ են պատրաստվում ներկայացնել հստակ քայլերը. ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այսօր ասաց. «Իշխանափոխությունից հետո էլ կներկայացնենք, իշխանափոխությունից առաջ էլ կներկայացնենք։ Առաջիկա ժամանակահատվածում ամեն ինչ կանենք»։

Ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին. ապրիլի 25-ից բողոքի ապակենտրոն ակցիաներ են լինելու
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

XS
SM
MD
LG