Արցախի արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, «ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր»։
Նման «նախաձեռնությունը», ըստ Արցախի արտգործնախարարություն, նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։
«Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը», - ասված է հաղորդագրությունում։
Այսօր Շուշիում անցկացվել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով. «Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։