Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքով` ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, այլ ընդամենը կհանգեցնի Ռուսաստանում և ամբողջ Եվրոպայում լրջագույն տնտեսական ճգնաժամի։
«Եթե Պուտինը ընդուներ տնտեսական փաստարկները, նա երբեք չէր սկսի այդ խելահեղ պատերազմը»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է գերմանական կառավարության ղեկավարը։
Շոլցի խոսքով` Գերմանիայի իշխանությունները ցանկանում են խուսափել տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի և գործարանների կորստից։ Էմբարգոյի արդյունքում կարող է տուժել ողջ եվրոպական տնտեսությունը, ինչը դժվարություններ կառաջացներ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։
Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր սպառած գազի մոտ 40 տոկոսը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ անհնար է նման ծավալի այլընտրանք գտնել կարճ ժամկետում, իսկ մատակարարումների դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքի դեֆիցիտի և էներգակիրների գների բարձրացմանը քաղաքացիների համար։