Պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար, այս մասին նախօրեին ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Վաշինգտոնում կազմակերպած հավաքին` հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուկրաինական կառավարության ղեկավարը միջազգային ֆինանսական կառույցների անդամներին կոչ է արել Կիևին նվիրաբերել իրենց պահուստային ակտիվների 10 տոկոսը։ Շմիգալի խոսքով` կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 4-5 միլիարդ դոլար, իսկ երկարաժամկետ հեռանկարում երկրին պետք է «Մարշալի պլանի» պես ռազմավարություն:
«Մարշալի պլանը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի տնտեսական օգնությամբ ստեղծված վերականգնման և զարգացման ծրագիր է, որի նպատակն էր ամրապնդել պատերազմի հետևանքով արևմտյան Եվրոպայի երկրների թուլացած տնտեսությունները։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` պատերազմի պատճառով 2022 թվականին Ուկրաինայի տնտեսությունը կնվազի 35 տոկոսով, Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 8,5 տոկոսով, համաշխարհային տնտեսական աճը տարեվերջին կդանդաղի մինչև 3,6 տոկոս։