Մատչելիության հղումներ

Կիպրոսում սկսվել է ռուսաստանցի չորս միլիարդատերերին քաղաքացիությունից զրկելու գործընթացը


Ռուսաստանցի մեծահարուստ Միխայիլ Գուցերիևը, արխիվ
Ռուսաստանցի մեծահարուստ Միխայիլ Գուցերիևը, արխիվ

Կիպրոսի իշխանությունները սկսել են ռուսաստանցի 4 միլիարդատերերին և նրանց ընտանիքների 17 անդամներին քաղաքացիությունից զրկելու իրավական գործընթացը: Դրա պատճառը միլիարդատերերի նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումն է:

Ըստ O Phileleftheros (Ազատական) օրաթերթի, քաղաքացիությունից պետք է զրկվեն Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչյովը:

Forbes հանդեսի համաձայն, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ այդ չորսի կարողությունը կազմել է համապատասխանաբար 2.5, 2.9, 2.4 և 7.8 միլիարդ դոլար: Ընդհանուր հաշվով նրանց կարողությունը գնահատվում է 15.6 միլիարդ դոլար:

Reuters լրատվական գործակալության տվյալներով, «ոսկե անձնագրերի» ծրագրով Կիպրոսի քաղաքացիություն է ստացել 6 հազար 779 օտարերկրացի, որոնցից 2 հազար 886-ը ռուսաստանցիներ են:

«Ոսկե ծրագիրը» ենթադրել է քաղաքացիության տրամադրում Կիպրոսում խոշոր ներդրումներ կատարելու դիմաց: «Ոսկե անձնագրերի» ծրագիրը հետագայում չեղարկվել է այն բանից հետո, երբ հրապարակվել են փաստեր կեղծ փաստաթղթերով բազմաթիվ անձնագրեր թողարկելու մասին:

Հիմա Կիպրոսի իշխանությունները ստուգում են քաղաքացիություն ստացած ևս 1100 մարդկանց փաստաթղթերը:

Ավելի վաղ Եվրոպական միությունն է դիմել եվրոպական համայնքին՝ ռուսաստանցի մեծահարուստներին քաղաքացիությունից զրկելու կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG