Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով


Եվս երկու ամսով երկարացվել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա արդեն չորս ամիս ազատազրկված է կոռուպցիոն մեղադրանքներով, որոնք, սակայն, չի ընդունում՝ համարելով, որ կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով։

Անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրություններում Մամիկոն Ասլանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքն ստացել էր ամենաշատ թվով՝ մոտ 39 տոկոս ձայն, 15 տոկոսով ավելի, քան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր ստացել։ Ընտրություններից անմիջապես հետո Ասլանյանը կալանավորվեց, իսկ վարչական դատարանը համայնքի ղեկավար ընտրելու արգելանք սահմանեց նորընտիր ավագանու համար։

Մինչ օրս դատական թնջուկը չի հանգուցալուծվում, և դեռևս 4 ամիս առաջ ձևավորված ավագանին չի կարողանում նիստեր գումարել, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորը համայնքի ղեկավար ու ու տեղակալներ չունի։

10 օր առաջ ԱԺ-ն ՏԻՄ օրենքում փոփոխություն արեց, որով հնարավորություն տվեց վարչապետին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչ ավագանին հնարավորություն կունենա ղեկավար ընտրել։ Օրենքը երկու օրից ուժի մեջ կմտնի։

Վանաձորի ընդդիմադիրները ԱԺ-ի ընդունած այս օրինագիծը հակասահմանադրական են համարել։

XS
SM
MD
LG