Մատչելիության հղումներ

Միկկո Կարնա. «Մենք ունենք 1300-կիլոմետրանոց սահման պատերազմի հանցագործների ղեկավարած երկրի հետ»


Ֆինլանդիայի խորհրդարանի Suomen Keskusta (Ֆինլանդիայի կենտրոն») խմբակցության պատգամավոր Միկկո Կարնա, արխիվ
Ֆինլանդիայի խորհրդարանի Suomen Keskusta (Ֆինլանդիայի կենտրոն») խմբակցության պատգամավոր Միկկո Կարնա, արխիվ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմը դեռ չի ավարտվել, և դրա հավանական արդյունքը ոչ ոք չի համարձակվի կանխագուշակել, սակայն արդեն ակնհայտ է, որ փետրվարի 24-ին մեկնարկած հարձակումը ցանկացած դեպքում կունենա աշխարհքաղաքական բեկումնային հետևանքներ:

Երկրորդ աշխարհամարտից հետո սկանդինավյան երկու բարեկեցիկ երկրներ՝ Ռուսաստանի հետ ծովային սահման ունեցող Շվեդիան և ցամաքային երկար սահման ունեցող Ֆինլանդիան, տնտեսությամբ, հասարակական կարգով, քաղաքակրթությամբ Արևմուտքի անբաժան մաս կազմելով՝ այնուամենայնիվ չեն միացել ՆԱՏՕ-ին:

Երկու պետություններում էլ միշտ եղել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու կողմնակիցներ, սակայն պաշտոնական Ստոկհոլմն ու Հելսինկին մշտապես ընդգծել են, որ մեծ կարևորություն են տալիս չեզոքության գաղափարին:

Եվ ահա Ուկրաինայի այս ողբերգությունը ՆԱՏՕ-ի հարցը նորից դարձրել է հանրային քննարկումների թեմա: Շվեդիան և Ֆինլանդիան ունեն ոչ մեծաթիվ զարգացած արդիական զինված ուժեր, սակայն դրանք, բնականաբար, հզորության տեսակետից համեմատելի չեն ռուսական բանակի հետ:

Հիմա այս երկու երկրներում ամենայն լրջությամբ են խոսում ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարի մասին: Ենթադրվում է, որ հունիսին դիմում կներկայացնի Ֆինլանդիան, ապա նույն քայլին կդիմի Շվեդիան:

ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը սոսկ շաբաթների ընթացքում կլուծի այդ հարցը: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ այդ երկրու երկրների անդամակցության խնդիրն ամենաքննարկվողներից էր ապրիլի 6-7-ը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հավաքում:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով թեման մեկնաբանել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Միկկո Կարնան Suomen Keskusta («Ֆինլանդիայի կենտրոն») կուսակցությունից: Նա խոսել է այս օրերին իր երկրի քաղաքացների մտահոգությունների մասին:

«Մենք տեսնում ենք Ուկրաինայում ամեն օր պատերազմական հանցագործություններ կատարող ռուսներին: Եվ մենք 1300-կիլոմետրանոց սահման ունենք պատերազմի հանցագործների ու խաբեբաների կողմից ղեկավարվող երկրի հետ», - ասել է օրենսդիրը:

Նրա փոխանցմամբ, Ֆինլանդիան այլևս չունի ինչ-ինչ հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փոխարենն ունի հարևան, որին չի կարելի վստահել և որի հետ դիվանագիտական հարաբերություններ էլ պետք չեն:

«Եվ երբ Պուտինն ասում է, թե չի ուզում վերականգնել Խորհրդային Միությունը, ուրեմն պետք է հասկանալ, որ ուզում է», - հայտարարել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա շատերի համար էր անակնկալ, բայց ինքն անձամբ միշտ նախազգուշացրել է, որ նման բան վաղ թե ուշ տեղի կունենա:

«Անցյալ տարվա դեկտեմբերին ես ասել եմ, որ մենք պետք է հնարավորինս արագ միանանք ՆԱՏՕ-ին, հիմա արդեն մեր բնակիչների մեծ մասն է կողմ: Ես միշտ ասել եմ, որ մենք կոպիտ սխալ ենք գործել, որ անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո չենք մտել ՆԱՏՕ», - ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ սխալը կուղղվի:

Մոսկվան արդեն նյարդայնության նշաններ է ցույց տալիս: «Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին չի նպաստի Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG