Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը der Spiegel հանդեսին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար բոլոր մեղավորներին, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարներին դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին:
Նրա համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Շտայնմայերը ասել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր զինծառայողներն, ովքեր Ուկրաինայում հանցագործություններ են կատարել, նրանք, ովքեր հանցավոր հրամաններ են արձակել, և նրանք, ովքեր դրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում, այդ թվում՝ Պուտինն ու Լավրովը:
Գերմանիայի նախագահն ասել է, թե Կիևի մոտակայքում գտնվող Բուչայից ստացված տեսագրությունները «սարսափելի են և անտանելի»:
Հաագայի Միջազգային քրեական դատարանն արդեն սկսել է Ուկրաինայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների քննությունը, սակայն Ռուսաստանը դատարանի հետ չի համագործակցում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում բացառել է որևէ տարբերակ, որով Պուտինը կարող է կանգնել միջազգային դատարանի առաջ:
Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ Ուկրաինայում ամեն ինչ անում են խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար և պնդում են, որ ուկրաինական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում ռուսներին վերագրվող հանցագործությունների մասին: