Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը ռուսական բանակի անդադար հարվածներից ավերված Մարիուպոլն այսօր համեմատել է ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից ռմբահարված Գեռնիկայի հետ:
Մարիուպոլը գրոհների է ենթարկվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 24-ից:
«Մարիուպոլը Եվրոպայի Հալեպն է և Ուկրաինայի Գեռնիկան: Նահատակված քաղաք, որը կործանվել է խաղաղ բնակիչների ռմբահարումների, պատերազմի հանցագործությունների հետևանքով: Մենք հոգ կտանենք Մարիուպոլի համար, մենք կանենք ամեն ինչ ուկրաինացիներին օգնելու և Ռուսաստանի վրա ճնշումը սաստկացնելու համար»,- ասել է Բորելը:
Քաղաքում աղետալի վիճակ է ստեղծվել, մարդիկ չունեն պարեն, ջուր, ջեռուցում, դեղորայք, հազարավոր բնակիչներ զոհվել են:
Պատերազմի ընթացքում մի քանի հազար բնակիչ կարողացել է հեռանալ, սակայն դեռ տասնյակ հազարավոր մարդիկ մնում են պաշարված Մարիուպոլում, որի մի շարք թաղամասեր ռուսներն արդեն գրավել են:
Գեռնիկան Իսպանիայի հյուսիսում գտնվող քաղաք է: 1937 թվականին ֆաշիստական Գերմանիայի օդուժը Իսպանիայի դիկտատոր, գեներալ Ֆրանկոյին օգնելու նպատակով անխնա ռմբահարել է քաղաքը:
Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն այդ ողբերգությանը նվիրել է իր հայտնի կտավը, որի անունն է «Գեռնիկա»: