BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների 20 տոկոսը սպայական կազմից է:
Ըստ ռուսաստանյան պաշտոնական տվյալների, փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել են 1084 ռուսաստանցի զինծառայողներ, որոնց անունները պաշտոնապես հրապարակվել են:
Զոհերի թվում 217 սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչև գեներալ: Դա գերազանցում է զոհերի ընդհանուր թվի 20 տոկոսը:
BBC-ն ընդգծում է, որ խոսքն ամբողջական թվերի մասին չէ և դրանք, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր են:
Վերջին անգամ Մոսկվան մարտի 25-ին է հրապարակել վիճակագրությունը, որի համաձայն, Ուկրաինայում սպանվել է 1351 զինծառայող:
Այսօրվա դրությամբ, ըստ BBC-ի, զոհերի թվում են 10-ը գնդապետ, 20 փոխգնդապետ, 31 մայոր, 155 կրտսեր սպա, ինչպես նաև 7 գեներալ: Մոսկվան պնդում է, որ զոհվել է ընդամենը մեկ բարձրաստիճան սպա՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին:
Ուկրաինան պնդում է, որ իրականում պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 18 հազար 300 ռուսաստանցի զինծառայող:
BBC-ն նշում է, որ ընթացող պատերազմի ժամանակաշրջանում շատ դժվար է հայթայթել արժանահավատ և ստույգ տեղեկություններ կողմերի կրած կորուստների՝ զոհերի, վիրավորների և գերիների մասին: