Միացյալ Նահանգներն այսօր կսահմանի նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին նախօրեին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
Վեց շաբաթ շարունակվող Ուկրաինայի պատերազմի ընթացքում Արևմուտքը կոշտ միջոցներ է ձեռնարկում: Բուչայում տեղի ունեցած սպանդից հետո արևմտյան երկրները որոշել են էլ ավելի խստացնել այդ քաղաքականությունը:
«Սանկցիաների թիրախում կլինեն Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները, նրանց ընտանիքների անդամները, ռուսաստանյան ֆինանսական հաստատությունները և պետական ընկերությունները: Սա ռուսաստանցի պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործողության մի մասն է կազմում»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ըստ ամենայնի օգնություն տրամադրել Ուկրաինային: