Իրավապահները պարզել են, որ 12 տարի առաջ Հունաստանից Հայաստանի կառավարությանը որպես նվեր հատկացված գյուղատնտեսական սարքը՝ համակցված կերի հոսքագիծը, Ավշարի նախկին գյուղապետը օգտագործել է անձնական կարիքների համար։
Ըստ քննիչի, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Ավշարի Արայիկ մականունով հայտնի Արայիկ Գրիգորյանի գյուղապետ եղբայրը 190 հազար դոլար արժեցող նվերը անմիջապես օտարել է մյուս եղբորը՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին։ Մինչև 2021 թվականը Ավշարը ղեկավարած Սուրիկ Գրիգորյանն այժմ մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար և ստորագրություն է տվել չհեռանալու մասին։
«Նաև չխախտելով անմեղության կանխավարկածը, վարույթն իրականացնող մարմնի մոտ բավարար ապացույցները այդքան հիմքը տալիս են նրան մեղսագրվող արարքի վերաբերյալ», - ասաց քննիչը:
Ընդունո՞ւմ է 60-ամյա Գրիգորյանը մեղադրանքը, թե՝ ոչ, հնարավոր չեղավ ճշտել, Ավշարում գտնվող նրա առանձնատան դռան զանգին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց, մեր հեռախոսազանգերին՝ նույնպես։ Նրա փաստաբանը ևս կտրականապես հրաժարվեց մեկնաբանությունից։
«Մենք ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք, կարող ա իրա գլխին են ուզում սարքել, էդ էլ չենք կարա ասենք, ոչ մեկս էլ չենք կարա իմանանք», - նշեց գյուղացիներից մեկը:
Համակցված կերերի հոսքագիծը գյուղացիներին թույլ կտար անասնակեր ստանալ։ Ավշարում դեռ 2010 թվականին նվեր ստացած թանկարժեք սարքի մասին լսել էին, բայց չհանդիպեցինք որևէ մեկի, ով օգտվել էր դրանից։ Ավշարցի Աննա Վարդանյանն ասում է. «Գյուղին պիտի ծառայեր, բայց մենք չենք տեսել, չենք օգտվել, որ գյուղացիները օգտված լինեին ես էլ օգտված կլինեի, մենք էլ կիմանայինք»:
Այնինչ քննիչ Շահեն Շիրինյանը շեշտում է՝ սարքը հենց գյուղի կարիքների համար էր հատկացվել, ավելին՝ գյուղապետն առնվազն երեք տարի այն օտարելու իրավունք չուներ։
«Էդ փուլով էլ քննություն ունենք անելու, թե արդյոք տվյալ համայնքի բնակչներից ովքեր են օգտվել, օգտվել են, թե չէ, Սակայն բարեգործական հանձնաժողովի որոշման մեջ հստակ նշված է, որ տվյալ գույքը շահույթ ստանալու նպատակով չի կարող օգտագործվել և պետք է օգտագործվի բացառապես համայնքի բնակիչների շահերին», - ընդգծեց Շիրինյանը:
Քննիչ Շիրինյանի խոսքով՝ հետո գյուղապետ Գրիգորյանը սարքը վաճառել է այն ինը տարի անվճար օգտագործած իր եղբորը։ Սակայն մաշվածության և վնասված լինելու պատճառաբանությամբ հոսքագիծը արժեքից 80 տոկոսով ցածր է գնահատվել։
«Այսինքն տեխնիկան մաշվեց, կորցրեց իր ապրանքային արժեքը, հետո որ կորցնում է, ասում է այդքան տարի շահագործվելուց հետո այդ ՍՊԸ-ն դիմում է նորից համայնքին, ասում է՝ «կա՛մ արի հետ վերցրու քո ապրանքը, կա՛մ ծախի, կա՛մ վարձավճար տուր», համայնքն էլ ասում է՝ «դե լավ որ այդպես է, ես համայնքային միջոցներ չունեմ, որ ես կամ էն անեմ, կամ էլ էն», գնահատող է բերում, գնահատողը գնահատում է 19 միլիոն դրամ, 19 միլիոն դրամով, ասում է, «վաճառում եմ», էդ ՍՊԸ-ն առնում է», - ներկայացրեց քննիչը:
Իրավապահները հարցաքննել են գյուղացիներին, տարբեր փորձաքննություններ անցկացրել, նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և Գրիգորյանի արարքի վերջնական գնահատականը կտա դատարանը։
23 տարի Ավշարը ղեկավարած Գրիգորյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ երկու տարի առաջ՝ մեկ այլ քրեական գործով, բայց այս գործը դատարան չի հասել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով։ Դեռ 2007-ին Գրիգորյանը գյուղի նախկին դպրոցի շենքն էր աճուրդի հանել և օտարել իր իսկ վարորդին։ Յոթ տարի անց վարորդը շենքը վաճառել է գյուղապետի դստերը։
Արարատի մարզապետարանի կայքէջի համաձայն, ավելի քան 0.6 հեկտար հողամասը վաճառվել է 5 միլիոն դրամով։ Քանի որ գործը փակվել է վաղեմության ժամկետի հիմքով, գյուղապետն ազատվել է քրեական հետապնդումից, բայց դեռ առջևում է նյութական պատասխանատվության հարցը։ Այժմ դատախազությունը դիմել է դատարան՝ Գրիգորյանից պահանջելով կամ վերադարձնել պետական գույքը, կամ էլ դրան համարժեք գումարը։
Ավշարի դպրոցում 40 տարի դասավանդած Յուրիկ Ասրյանը հիշում է, որ 1960-ականերին կառուցված դպրոցը, որ հիմա ավերակներ է հիշեցնում, կարող էր դեռ ծառայել գյուղին։ Դպրոցի նոր մասնաճյուղի կառուցումից հետո հին շենքը դարձավ ամայի. «Էս քանդված վիճակում եթե վաճառված չլիներ, մանկապարտեզ էին սարքում, էս կսարքեին էլի»:
Իրավապահները հոսքագծի գործով արգելանքի տակ են դրել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքը՝ նա, կինը, զավակները ընդհանուր առմամբ ունեն 84 անուն գույք՝ ավտոմեքենաներ, անշարժ գույք Երևանում և մարզերում, հողամասեր, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ և շինություններ: