Մատչելիության հղումներ

Բուչայում կատարվածի առնչությամբ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել


Ուկրաինա - Սպանված քաղաքացիական անձանց դիեր Բուչայում, 2-ը ապրիլի. 2022թ,
Ուկրաինա - Սպանված քաղաքացիական անձանց դիեր Բուչայում, 2-ը ապրիլի. 2022թ,

Վերլուծաբանները նշում են՝ Բուչայից հետո դժվար է լինելու շարունակել բանակցությունները և խոսել Պուտինի ու Զելենսկու միջև հնարավոր համաձայնության մասին:

Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր Տելեգրամ ալիքում գրել է. - «Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Բուչայում ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»:

Կիրակի երեկոյան ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շուրջ մեկօրյա լռությունից հետո հայտարարել էր, թե լայնորեն տարածված լուսանկարներն ու տեսագրությունները սադրանք է: Ռուսական կողմը պնդում է, թե այն ամբողջ ժամանակաշրջանում, ինչ քաղաքը ռուսների վերահսկողության տակ էր, ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որպես փաստարկ, որ սարսափելի սպանությունների մասին պատկերը ֆեյք է, նշում է՝ ռուսական զորքերը քաղաքը լքել են մարտի 30-ին, իսկ հաջորդ օրը Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորյուկն իր տեսաուղերձում հաստատել էր, որ քաղաքում ռուս զինվորականներ չկան, սակայն խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչինչ չէր ասել: Ապրիլի 2-ի երեկոյան ուկրաինացի և արևմտյան լրագրողները հայտնել էին Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների դիերի մասին, քաղաքացիական հագուստով սպանվածների լուսանկարները հրապարակել են Reuters-ը, France-Presse-ը, 16 մահացած մարդ, France-Presse-ի համաձայն, ընկած էր մայթեզրին, իսկ մի քանիսը՝ ճանապարհին:

Ուկրաինական կողմը պնդում է, որ լուսանկարներում ատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից: Բուչայի քաղաքապետի խոսքով՝ ավերված քաղաքում սփռված են տեղի բնակիչների դիակներ, որոնց, ըստ նրա, գնդակահարել են: Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները ստիպված են եղել 280 մարդու հուղարկավորել Բուչայում զանգվածային գերեզմաններում: Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան էլ հայտարարել է, որ ռուս զինվորականների վերահսկողությունից ազատագրված Կիևի շրջանի քաղաքներից և ավաններից դուրս են բերվել 410 զոհված խաղաղ բնակիչների դիեր:

Մարտի վերջին ռուս զինվորականները լքել են Կիևի շրջանի տարածքները, որոնք օկուպացված էին պատերազմի սկզբից:

Բուչայում կատարվածն արդեն դատապարտել է Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Կիևը և Արևմուտքը պահանջում են անցկացնել կատարված հանցագործությունների միջազգային հետաքննություն և Մոսկվային մեղադրում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Վերլուծաբաններն էլ նշում են՝ Բուչայից հետո դժվար է լինելու շարունակել բանակցությունները և խոսել Պուտինի ու Զելենսկու միջև հնարավոր համաձայնության մասին:

XS
SM
MD
LG