Մատչելիության հղումներ

«Ես իմ բարոյական վրդովմունքն եմ արտահայտել Պուտինի հանդեպ». Բայդենը չի զղջում իր արած արտահայտության համար


Երեք օր տևած հանդիպումներից, զգայուն հարցերի շուրջ բանակցություններից և կուռ պայմանավորվածություններից հետո ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենն իր վերջին եվրոպական շրջագայության ընթացքում ընդամենը մի քանի բառով անդրադարձավ Ռուսաստանի նախագահին. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։

Բայդենը Վաշինգտոնում իր խոսքից հետ չկանգնեց, բայց հստակեցրեց իր մտադրությունը. - «Ես հետադարձ քայլ չեմ անում։ Փաստն այն է, որ ես իմ բարոյական վրդովմունքն եմ արտահայտել Պուտինի հանդեպ, այդ մարդու գործողությունների հանդեպ, նրա արածը պարզապես դաժանություն է: Եվ ուրեմն՝ հստակեցնեմ, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ես քաղաքականության փոփոխության մասին չեմ ակնարկել: Ես արտահայտել եմ իմ բարոյական վրդովմունքը և դրա համար ներողություն չեմ խնդրում»։

Վերլուծաբանները, սակայն, կարծում են՝ այս հայտարարությունը վտանգավոր էր ամերիկյան դիվանագիտության համար:

«Աշխարհի այլ երկրների արձագանքից դատելով, անկասկած, այդ մեկնաբանությունն անցանկալի էր: Մենք տեսանք եվրոպացի գործընկերների արձագանքը, որոնք հստակեցնում էին՝ Միացյալ Նահանգները չպետք է և չի կարող գործածել նման էսկալացիոն լեզու: Այդ առումով, կարծում եմ, որ, ցավոք, այդ հայտարարությանը դեռ շատ կանդրադառնան առաջիկա օրերին ու շաբաթներին», - կարծում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էնդրյու Լոհսեն:

Ավելի ուշ Ջո Բայդենը հստակեցրել է, որ Լեհաստանում ուկրաինացի փախստականների հետ հանդիպումներն են եղել իր հուզմունքի պատճառը, և ընդգծել է, որ Պուտինին ռեժիմի փոփոխությամբ չի սպառնացել։

«Ես ուղղակի իմ վրդովմունքն էի արտահայտում, որ նա չպետք է մնա իշխանության: Ինչպես, գիտեք, վատ մարդիկ չպետք է շարունակեն վատ բաներ անել: Բայց դա չի նշանակում, որ մենք հիմնարար քայլեր ենք անելու Պուտինին ինչ-որ կերպ տապալելու համար», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի վերլուծաբան Լեոն Արոնը կարծում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի արձագանքից: Առայժմ։

«Հիշեցնեմ, որ Բայդենը նրան մարդասպան էր անվանել, բայց դրանից հետո նրանք ժպտացել ու միմյանց ձեռք էին սեղմել: Այդ պատճառով, կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում դա խոչընդոտներ չի առաջացնի: Իհարկե, նա չի մոռանա այդ մասին: Եվ անպայման կփորձի հիշեցնել Բայդենին այս կամ այն կերպ՝ լինի ելույթ, թե ինչ-որ քաղաքական քայլ»:

Արևմտյան առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, առայժմ թերահավատորեն են արձագանքել Ուկրաինայի մայրաքաղաքի և Չեռնիգովի մոտ ռազմական ակտիվությունը նվազեցնելու՝ Ռուսաստանի խոստումներին։

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ Արևմուտքը ցանկանում է համոզվել՝ արդյոք Ռուսաստանը «կհետևի» պատերազմը մեղմացնելու իր հայտարարությանը։ Պուտինի խոսքերի հանդեպ զգուշավորության հարցում, ըստ Սպիտակ տան ղեկավարի, համամիտ են ԱՄՆ բոլոր դաշնակիցները։

XS
SM
MD
LG