Մատչելիության հղումներ

Հայաստանում քովիդի դեմ պատվաստումների տեմպը Առողջապահության նախարարությանը չի գոհացնում


Կորոնավիրուսի վերջին ալիքի մարումից հետո Հայաստանում քովիդի դեմ պատվաստումների տեմպը առողջապահական գերատեսչությանը չի գոհացնում՝ ընդգծում են՝ պատվաստվող քաղաքացիների թիվը փոքր է, մինչդեռ, վարակի նոր ալիքը իրեն երկար սպասեցնել չի տա։

Վերջին մեկ ամսում երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած քաղաքացիների թիվն ավելացել է 46 հազարով։ Այսպիսով, մեկ տարում ամբողջությամբ պատվաստվել է շուրջ 921 հազար մարդ՝ Հայաստանի բնակչության 32,2 տոկոսը։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասում է՝ պատվաստման նկատմամբ այժմ նվազ հետաքրքրություն ցուցաբերող մարդիկ հաշվի առնելով համաճարակային հանգիստ վիճակը մտածում են, թե վերջ՝ քովիդ էլ չկա, ինչը ընդհանրապես ճիշտ չէ:

«Մենք պետք է պատրաստ լինենք նոր ալիքին, բայց տեմպերը պատվաստումների շարունակաբար ընկել են վերջին մեկ ամսվա ընթացքում և խոստումնալից չեն: Իհարկե, մենք այս ամենը հասկանում ենք, այս պահի դրությամբ անընդհատ նախարարությունում քննարկումներ ենք անում, որպեսզի նորից մեր խոցելի խմբերին, մեր ռիսկային խմբերին պատրաստենք հաջորդ ալիքների համար», - նշեց Սահակյանը:

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում պատվաստումների ծավալները մեծանում են հատկապես վարակի բռնկումների ժամանակ, երբ մարդիկ լսում են բազմաթիվ հոսպիտալացվածների ու մահացածների մասին։ Այնինչ, ըստ Առողջապահության նախարարության պաշտոնյայի, ավելի ճիշտ է պատվաստվել համաճարակային հանգիստ ժամանակահատվածում:

«Իրականում ամենալավ ժամանակահատվածը հիմա է. հարաբերական հանգիստ վիճակ է, մարդիկ, ովքեր դեռևս չեն պատվաստվել, ովքեր դեռևս խթանիչ դեղաչափ պետք է պատվաստվեն, նրանք բավականին ժամանակ կշահեն, որ իրենց օրգանիզմն արդեն պատրաստ լինի արձագանքելու վիրուսին», - ասաց մասնագետը:

Հիմնականում «օմիկրոն» շտամով պայմանավորված կորոնավիրուսի վերջին՝ հինգերորդ ալիքից հետո օրեցօր նվազում են հաստատված դեպքերը և հիվանդների թիվը, ինչպես նաև մահացության ցուցանիշը։ Ըստ առողջապահական գերատեսչության, սակայն, կորոնավիրուսի նոր ալիքը իրեն երկար սպասեցնել չի տա։ Հայաստանում արդեն հայտնաբերվել է նույն «օմիկրոն» շտամի ենթատեսակը, արագ տարածվող BA2 տարբերակը:

«Սպասում ենք, որ մեր մոտ կտարածվի հենց այդ ենթատեսակը և կարծում եմ, որ երկար ժամանակ չի պահանջվի, մանավանդ, որ արդեն վերարտադրման ցուցանիշը մենք տեսնում ենք, որ Հայաստանում սկսել է աճել: Ուղղակի դեռ փոքր թվերի հետ գործ ունենք, և մի տեսակ ոնց որ թաքնված, գաղտնի ժամանակահատված է: Բոլոր դեպքերում ապրիլի վերջերին կունենանք արդեն տեսանելի աճ», - նշեց Գայանե Սահակյանը:

Առողջապահական գերատեսչությունը բավարար չի համարում նաև երրորդ՝ բուսթեր դեղաչափ ստացածների թիվը։ Մինչ օրս խթանիչ դեղաչափ է ստացել 34 հազար 300 մարդ, բնակչության ընդամենը 1,5 տոկոսը։

XS
SM
MD
LG