Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ:
Նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։
Ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը դեռ չեն հաստատում։ Փառուխի գյուղապետի հեռախոսն առայժմ անհասանելի է, Խրամորթ համայնքի ղեկավարը նույնպես դեռևս տեղյակ չէր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ «ափսոսանքով» պնդում է, թե ՌԴ ՊՆ հաղորդագրության «որոշ կետեր» չեն համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական բանակի դիրքերը Փարուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»:
Այսօր, Ստեփանակերտի պաշտոնական տեղեկության համաձայն, շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Գյուղում իրավիճակը, բնակիչների տեղեկացմամբ, երեկվանից հանդարտվել է, սակայն կանայք, երեխաներն ու ծերերը դեռ գյուղ չեն վերադարձել:
Արդեն 3 շաբաթ է` Արցախի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված են գազից: Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը մարտի 8-ից էր վնասված, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրեց գազամատակարարումը։
Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը կվերսկսվի մարտի 29-ից: Ուշագրավ է, որ այս մասին «Ազերիգազից» էին հայտնել:
Շատ չանցած Ստեփանակերտից արձագանքեցին այս հայտարարությանը: «Արցախգազը» կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է որակում այդ հայտարարությունը, որը, ըստ ընկերության, հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
«Բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է», - ասված է «Արցախգազի» տարածած հայտարարության մեջ:
Ըստ ադրբեջանական «Ազերիգազ»-ի` վերացվել են Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները: Թե ինչ կապ ունի «Ազերիգազը» խողովակի վերականգնման հետ, առայժմ հայտնի չէ: