Կրեմլը պնդում է, թե ոչ մի լուրջ հարց չի ծագի, եթե Ռուսաստանը վտարվի աշխարհի տնտեսապես առավել զարգացած «Մեծ քսանի» խմբից: «Մեծ քսանի» անդամներ են 19 պետություններ և Եվրոպական միությունը որպես կազմակերպություն:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այդ արշավի նախաձեռնողն, իհարկե, Միացյալ Նահանգներն է:
«Ինչ վերաբերում է «Մես քսանին», դա, մի կողմից, իհարկե, կարևոր ձևաչափ է, բայց, մյուս կողմից` ներկայիս իրավիճակում, երբ խոշոր մասնակիցներից մեկը իր իսկ նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է մյուս մասնակցի հետ, ապա դուրս գալուց ոչ մի սարսափելի բան չի լինի: Այնուամենայնյիվ, Ռուսաստանն այս հարցում առաջնորդվում է` հաշվի առնելով մյուս մասնակիցների կարծիքները: Եվ եթե հնարավոր կլինի, կմասնակցի հավաքներին, եթե հնարավոր չլինի, մահացու չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայըդենն ասել է, թե ինքը կողմ է Ռուսաստանը «Մեծ քսանից» վտարելուն, իսկ եթե այդ տեսակետն ուրիշ մասնակիցներ չկիսեն, ապա ինքը կառաջարկի «Մեծ քսանի» հավաքներին ներկա լինելու հնարավորություն տալ Ուկրաինային: