«Բանակցային և քաղաքական գործընթացների ամենամեծ վարպետը ես չեմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահներ են եղել և Արցախի Հանրապետության նախագահներ, որոնք որ լիարժեքորեն տիրապետում են այդ ամբողջ գործընթացին», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Փաշինյանը եթե ցանկանար 2018 թվականին տիրապետեր այդ ամենը և խելացի արտաքին քաղաքականություն վարեր, գոնե այդ անձնավորություններից կհարցներ», - շարունակեց ընդդիմադիր գործիչը՝ հակադարձելով մասնավորապես խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանիցս արած հայտարարություններին, որ նախկին իշխանությունները բանակցել են շրջանները հանձնելու հարցով, համաձայնել են տալ, իսկ այժմ իրեն են մեղադրում պատմական հայրենիքը հանձնելու մեջ։
Օհանյանի պնդմամբ՝ «նախ՝ բանակցությունները ընթացել են, և առաջնային է եղել Արցախի ինքնորոշումը, այսինքն՝ ինքնորոշման միջոցով մենք կարող ենք կառուցել Արցախի ժողովրդի հեռանկարը»։ «Եվ նաև նույն այդ բանակցությունների պայմաններում մենք անընդհատ ամրապնդել ենք մեր անվտանգության համակարգը․ և՛ բանակը ցույց է տվել, որ ինքը տարածաշրջանում մրցունակ բանակ է, և՛ նաև անընդհատ ամրապնդել ենք ինժեներական պաշտպանական մեր ամբողջ համակարգերը։ Թե ինչու 2018 թվականից երկու-երեք տարվա ընթացքում նրանք, կարելի է ասել, ոտնահարեցին և ընդհանուր այդ համակարգը բերեցին մի աստիճանի, որ չկարողացան պատերազմի ընթացքում գոնե պաշտպանությունում, գոնե լեռնանտառային պայմաններում, այնտեղ, որտեղ որ օջախային պաշտպանություն է, և մեր առավելությունները մենք ունեինք, դա արդեն իրենցից պետք է հարցնել», - ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով․ - «Դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել այդ քննիչ հանձնաժողովը, որը որ պետք է լինի քաղաքականությունից դուրս, Ազգային ժողովից դուրս և լիարժեք պատասխան տա այդ բոլոր պատճառներին»։
Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության նախագիծ են ներկայացրել, որտեղ նաև ասվում է, որ խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային սահմանափակումներ։ Հարցին՝ նկատի ունեն, որ հինգ տարի ժամկետը վերացվի, և ռուս խաղաղապահները մնան Արցախո՞ւմ, Սեյրան Օհանյանն արձագանքեց․ - «Այդ նկատի ունենք, որ [2020 թվականի] նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, երբ որ ասում է, որ հինգ տարի հետո կողմերից մեկի ցանկության դեպքում կարող է խաղաղապահները չլինեն, մենք դա առաջարկում ենք փոխել՝ կողմերից մեկի ցանկության դեպքում խաղաղապահները մնան տարածաշրջանում։ Որովհետև իրականում ժամանակը շատ արագ է անցնում, և գրեթե մեկուկես տարի անցավ, և մնացած ժամանակահատվածում արդյո՞ք մենք կարող ենք Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնել, արդյո՞ք Հայաստանը կարող է միայնակ ձևավորել իր անվտանգության միջավայրը։ Եվ կարծում եմ, որ մենք կգանք այն եզրակացության, որ ռազմավարական գործընկերոջ կողմից խաղաղապահ առաքելության շարունակականության խնդիր մենք ունենալու ենք։ Դրա համար ենք մենք ամեն ինչ այսօր անում, պնդում, որպեսզի Հայաստանի իշխանությունները բանակցեն հենց հիմիկվանից սկսած, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մնան Արցախում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.