Երեկ ժամը 21:10-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Զինվորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական և դատավարական այլ գործողություններ են իրականացվում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում», քննվող քրեական գործի շրջանակում:
«Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը: Կատարվում է նախաքննություն», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։