Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր Անթալիայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։
«Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկի, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են արագացված կարգով գնալ դեպի «3+3» ձևաչափի երկրորդ հանդիպման, ինչպես նաև քննարկել ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը նախագահներ Ալիևն ու Պուտինը ստորագրել էին փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից օրեր առաջ։