Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ հավաքվել են հրապարակում և ունկնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Կիևից հեռարձակվող ուղերձը, որը միաժամանակ ցուցադրել են եվրոպական տասնյակ երկրներում:
Վրացիները հրապարակում հավաքվել են Ուկրաինային սատարելու և իրենց համերաշխությունը դրսևորելու համար: Շատերը պարզել են Ուկրաինայի դեղին-կապույտ դրոշները:
Մեծ թվով շարքային քաղաքացիներ դատապարտում են հակառուսական պատժամիջոցներին չմիանալու պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը:
Մինչդեռ, կառավարությունը նշում է, որ Վրաստանը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա, սակայն պատժամիջոցներին չի միանում ազգային շահերից ելնելով:
Զելենսկու ուղերձին հետևել են նաև Ֆրանկֆուրտում, Բրատիսլավայում, Վիլնյուսում, Պրահայում և ուրիշ քաղաքներում:
Զելենսկին իր ուղերձում նախազգուշացրել է, որ Ուկրաինան գրավելուց հետո մյուս երկրները նույնպես կարող են դառնալ Մոսկվայի ագրեսիայի զոհը: