Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կֆինանսավորի կես միլիարդ եվրոյի սպառազինության տրամադրումը Ուկրաինային


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, Բրյուսել, 24-ը փետրվարի, 2022թ․
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, Բրյուսել, 24-ը փետրվարի, 2022թ․

Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել մարտական զենք և պաշարներ զինված ուժերի համար։ Եվրամիությունը նման քայլի է գնում իր պատմության մեջ առաջին անգամ, կիրակի օրը հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հայտարարությունն արվել է ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։ Մի քանի ժամ անց Բորելը հայտարարել է, որ ԵՄ նախարարները հավանություն են տվել Կիևին 500 միլիոն եվրոյի չափով սպառազինությունների ֆինանսավորմանը։ Բորելը նշել է, թե Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ պատերազմ է։ Եվրամիությունը ցանկանում է ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար և որոշել է 450 միլիոն եվրոյի չափով մարտական զենք տրամադրել ուկրաինական բանակին և ևս 50 մլն եվրո՝ ոչ մարտական պաշարների համար։

«Այո, այն տաբուն, որ Եվրամիությունը մարտական զենք չի տրամադրում երրորդ երկրի, այլևս չի գործում, այո, մենք դա անում ենք այս պատերազմում ուկրաինացիներին օգնելու համար», - հայտարարել են ԵՄ ղեկավարները։

Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակորեն սպառնացել է միջուկային հարձակմամբ այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինային փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո, և չնայած սրան՝ եվրոպացիները մտադիր են հնարավորինս աջակցել Կիևին։

Ընդ որում, Բորելը կիրակի օրը եվրոպական բլոկի անունից մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կարող է ազդել նաև հարևան երկրների վրա, ներառյալ՝ Վրաստանը, Մոլդովան և Արևմտյան Բալկանները։ «Մենք վախենում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ ամբողջ տարածաշրջանում», - ասել է դիվանագետը։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Պուտինի երեկվա սպառնալիքից հետո աշխարհը փոխվել է, և երրորդ համաշխարհային պատերազմն արդեն հավանական է թվում։

Այսօր Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատասխանը։ Քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 19։15-ին։

Սովորական կյանքն այլևս չի լինի

Ռուսաստանում այսօր մարդիկ արթնացել են մտավախությամբ, որ սովորական կյանքն այլևս չի լինի։ Երեկվանից համացանցում տարածվել է տեղեկություն, որ ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է արձանագրում․ առավոտյան 1 դոլարը Forex բորսայում վաճառվում է 110-120 ռուբլու սահմաններում, իսկ փոխանակման կետերում այն ընդհանրապես հնարավոր չէ գնել երեկվանից։

Ռուսաստանցիները երեկ ամբողջ օրը բողոքում էին նաև, որ դժվարությամբ են կարողանում կանխիկացնել նույնիսկ ռուբլին, որոշ բանկոմատներ Մոսկվայում, օրինակ, տալիս էին միայն 1000 ռուբլի։

Մինչդեռ արևմտյան պատժամիջոցների փաթեթը դեռ ընդլայնվելու է, և ինչպես են այդ պատժամիջոցներն ազդելու շարքային ռուսաստանցիների վրա, նրանք չեն էլ պատկերացնում։

Մեծանում է նաև պատերազմի դեմ բողոքի ալիքը Ռուսաստանում։ Մի քանի օր է՝ երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ոստիկանությունը ամեն օր հազարավոր մարդկանց է բերման ենթարկում։

XS
SM
MD
LG