Վիեննայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
«Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Հանդիպումից հետո նույնպիսի հաղորդագրություն է տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։
Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը Մոսկվայում էր՝ 2022-ի հունվարի 14-ին։ Հանդիպումից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հայտարարեցին, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ ընդգծելով, որ հնադիպումն ընթացել է դրական և կառուցողական մթնոլորտում։