Մատչելիության հղումներ

Առանց կարգավիճակի հարցը լուծելու չի լինի կայուն, հարատև կարգավորում. ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ


ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք։

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման որևէ երկարատև կարգավորում հնարավոր չէ, «Ինֆոքոմ»-ի Focus on Russia հաղորդման շրջանակներում հայտարարել է 2013 - 2016 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Կարծում եմ՝ Բաքուն պետք է հասկանա, որ պետք է ինչ-որ ճանապարհ լինի կարգավիճակի հարցը լուծելու համար: Առանց կարգավիճակի հարցը լուծելու չի լինի կայուն, հարատև կարգավորում: Բայց դա միակ հարցը չէ, կան տարածքային հարցեր, որոնք պետք է լուծվեն երկուստեք ընդունելի լինելու սկզբունքով: Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա: Առաջինը և ամենակարևորը. պետք է քննարկում լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց իմ կարծիքով քննարկումը պետք է առաջ մղվի համանախագահների և ԵԱՀԿ-ի կողմից, և այն պետք է տեղի ունենա բարձր մակարդակով, և ոչ թե այն մակարդակով, որով մենք որպես համանախագահներ աշխատում էինք, այլ նախարարների և ավելի բարձր մակարդակներով», - ասել է Ուորլիքը։

«Լեռնային Ղարաբաղում պարզապես զորքեր ունենալը՝ հետագա կոնֆլիկտը կանխելու համար, երկարաժամկետ լուծում չէ»

Ամերիկացի դիվանագետը, որն այժմ միջազգային իրավաբանական ընկերությունում գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցնում, այս հարցում առաջին հերթին Ռուսաստանի դերակատարությունն է շեշտադրում. - «Անկեղծ ասած, Ռուսաստանը պետք է ողջունի այնպիսի մի հարատև լուծում, որն իսկապես երկարաժամկետ խաղաղություն կբերի Հարավային Կովկասում: Արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է շարունակական անկայունություն տարածաշրջանում: Ես այդ կարծիքին չեմ և համարում եմ, որ դա անելու համար պետք է լինի այնպիսի բանակցային գործընթաց, որին կողմերը կարող են վստահել, որը կունենա միջազգային երաշխիքներ ԵԱՀԿ-ի կողմից, գուցե նաև միջազգային խաղաղապահներ։ Այդ գործընթացը կարգավիճակ կտա Լեռնային Ղարաբաղին, հստակեցնի սահմանները, կանդրադառնա փախստականների խնդրին: Սրանք են բոլոր հարցեր են: Գումարած ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, որ պետք է քննարկվեն տարածաշրջանի համար: Եվ այս ենթակառուցվածքները կարող են օգուտ բերել Հայաստանին, եթե լինի խաղաղություն։ Սահմաններ, որոնք ավելի բաց են առևտրի համար, ճամփորդելու հնարավորություններ կլինեն, ենթակառուցվածքներ էներգետիկ ռեսուրսների, օրինակ գազի կամ ջրի համար: Սա կարող է մեծ փոփոխություն բերել, բայց դրա համար անհրաժեշտ է հարատև խաղաղություն։ Լեռնային Ղարաբաղում պարզապես զորքեր ունենալը՝ հետագա կոնֆլիկտը կանխելու համար, երկարաժամկետ լուծում չէ»։

Առաջին անգամը չէ, որ արևմտյան նախկին ու ներկա պաշտոնյանները խոսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Չնայած այսպիսի բարձրաձայնումներին, այս ուղղությամբ հստակ քայլեր պատերազմից 15 ամիս անց էլ դեռ չեն ձեռնարկվել։ Ավելին, հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ ոչ մի անգամ չեն կարողացել Լեռնային Ղարաբաղ այցելել։

Focus on Russia հաղորդման հեղինակ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, թե այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվությանն ուղղված գործնական քայլեր չեն նկատվում նաև այն պատճառով, որ հիմա առաջնահերթություններն այլ են. - «Մի շարք ճգնաժամներ կան աշխարհի այլ մասերում և առաջին հերթին Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, և Հարավային Կովկասը այս պահին առաջնահերթություն չի հանդիսանում Միացյալ Նահանգների համար։ Կարծում եմ, շատ բան հասկանալի կլինի, երբ տեղի ունենա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունը, որովհետև, ինչպես գիտեք, ներկայումս Ամերիկայի համանախագահը Մինսկի խմբում չունի նույնիսկ դեսպանի դիվանագիտական աստիճան»։

Տարեսկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան պարբերաբար հետաձգվում է ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով, միևնույն ժամանակ նշել էր, որ հայկական կողմն առաջիկայում այնուամենայնիվ ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այց տարածաշրջան։ Հայտարարությունից մեկ ամիս անց էլ այց տեղի չի ունեցել։

«Եվ մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին, այլ այցը այնուամենայնիվ պիտի կայանա։ Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում նաև 3+2 ձևաչափով՝ երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, և վերջին պահին, հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել», - ասել էր Միրզոյանը։

44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, ԵԱՀԿ Մինկի խմբի տարածաշրջանային այցերի փաստացի դադարեցման ֆոնին համանախագահող երեք երկրների արտգործնախարարների դեկտեմբերի համատեղ վերջին հայտարարության մեջ այլևս խոսք չկար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության մասին։ Փոխարենը, ընդգծվում էր հակամարտության հումանիտար կողմը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG