Երեկ Մոսկվան հրապարակել է արձագանքն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացած պատասխաններին: Մոսկվան միանշանակ բացասական է գնահատել Արևմուտքի պատասխանների մեծ մասը:
Մոսկվան փաստում է, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը բացառելու, նախկին խորհրդային երկրների տարածքում ռազմակայաններ չստեղծելու, ինչպես նաև մինչև 1997 թվականը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար հռչակագրի ստորագրման տարին, առկա ուժերի հարաբերակցությունը վերականգնելու պահանջներին:
Մոսկվան այդ առումով վերահաստատում է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը մերժելու պայմաններում ստիպված կլինի արձագանքել «այդ թվում ռազմատեխնիկական բնույթի միջոցներ իրականացնելու ճանապարհով»: Մոսկվան չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ կարգի միջոցների մասին է խոսքը:
Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինա ոչ մի ներխուժում չի ծրագրում: ԱՄՆ-ի կողմից Բուդապեշտի հուշագրի հիշատակումը համարում է անտեղի է, քանի որ այդ փաստաթուղթը ոչ մի կապ չունի ներուկրաինական խնդրի հետ, և Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստը՝ ներքին գործընթացների հետևանք է:
1994 թվականի դեկտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան Հունգարիայի մայրաքաղաքում կնքել են հուշագիր, որով Ուկրաինան հրաժարվել է իր տարածքում գտնվող խորհրդային միջուկային սպառազենից և այն փոխանցել է Ռուսաստանին, ինչի դիմաց Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը երաշխավորել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ղրիմը բռնազավթելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, թե «2014 թվականի գարնանն այլևս չկար այն Ուկրաինան, որը ստորագրել է հուշագիրը»:
Ըստ Մոսկվայի, Ղրիմը բռնակցելու մեղադրանքն անհիմն է, որովհետև 2014-ին Կիևում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հեղինակները՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների աջակցությամբ, ընտրել են ռուսների և ռուսախոս բնակչության և ոչ ուկրաինացի այլ էթնիկ խմբերի իրավունքները ոտնահարելու ու ազգայնամոլական պետություն կերտելու ճանապարհ:
Ռուսաստանը 2021-ի դեկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներին և Հյուսիսատլանտյան դաշինքին փոխանցել է պայմանագրերի նախագծեր: Դրանց հիմնական պահանջներն են դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակման, մասնավորապես, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության բացառումը, 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրների տարածքից ռազմական ենթակառուցվածքի դուրսբերումը և Արևելյան Եվրոպայում, նախկին խորհրդային տարածքում, Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ակտիվության դադարեցումը:
Ռուսների այդ պահանջներից հետո հունվարի կեսին Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղի են ունեցել դիվանագետների, ռազմական և քաղաքական գործիչների հանդիպումներ, որոնք նշանակալից արդյունք չեն տվել:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ռուսական կողմին փոխանցել են պատասխանը, որն արտահոսքի արդյունքում փետրվարի 4-ին հրապարակվել է El Pais իսպանական պարբերականում:
Մոսկվան հայտնել է, որ առաջիկայում կներկայացնի իր արձագանքը, և այն երեկ երեկոյան հրապարակվել է:
Հակամարտության կարգավորման համար Մոսկվան պահանջում է Կիևին պարտադրել մի շարք քայլեր, դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային, բացառել ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժություններն Ուկրաինայի բանակի հետ և Ուկրաինայի տարածքից դուրս բերել Կիևին ցայսօր փոխանցված բոլոր արտասահմանյան զինատեսակները:
Մոսկվան վերստին պնդում է, որ Ռուսաստանի ինքնիշխան տարածքում ռուսական զորքի տեղակայումը չի կարող սպառնալ Միացյալ Նահանգներին և ընդգծում է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանը զորամիավորումներ չունի:
Մոսկվան պահանջում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից ու Մերձբալթիկայից հեռացնել ամերիկյան զորամիավորումները և սպառազենը:
Ռուսաստանը պնդում է, թե ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը, որին հավատարիմ են Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները՝ հակասում է ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորություններին և առաջին հերթին «սեփական անվտանգությունն ուրիշ երկրի անվտանգության հաշվին չամրապնդելու» հիմնարար սկզբունքին:
Մոսկվան հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ն 1991 թվականի հունիսի 6-ից 7-ը Կոպենհագենում տեղի ունեցած համաժողովում պարտավորվել է «միակողմանի առավելություններ չքաղել Եվրոպայում իրավիճակի փոփոխությունից, չսպառնալ այլ երկրների օրինական շահերին և նոր բաժանարար գծեր չանցկացնել մայրցամաքում»:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն դաշինքի ընդարձակման անթույլատրելիության մասին Ռուսաստանի պնդումներին մշտապես պատասխանում են, որ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում այս կամ այն դաշինքին միանալ-չմիանալու հարցը և հավելում, որ Մոսկվան դրան միջամտելու իրավասություն չունի: