Երևանյան մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ բռնության մասին իրավապահներին ահազանգած մայրն, այսօր խախտելով լռությունը, նոր մանրամասներ պատմեց։ Ասաց՝ երեխային այդ հաստատությունում պարբերաբար անվանարկել են, քաշել ականջները։ Մոր խոսքով, 5-ամյա երեխան իրեն պատմել է, թե դայակն ու դաստիարակը խմբի մյուս երեխաների հետ իրեն տարել են մանկապարտեզի դահլիճ, հայտարարել, թե ծնունդն է, կապկպել են ձեռքերն ու կղանք կերակրել։
«Տարել են դահլիճ, կապել, խաղալիք ափսեի մեջ կղանք լցրել, որի վրա նաև պլատիլինե հատիկներ տեղադրել, հացի կտոր և դա էլ են թաթախել մեզի մեջ և խաղալիք գտալով լցրել երեխայիս բերանը։ Ինչպես նաև մեջքին նստել են երեխաները, քշել են ձիու պես, թքել ականջի մեջ, ձեռք տվել մարմնի գրեթե բոլոր մասերը, վզին պարան են փաթաթել, վզից բռնած պտտել դահլիճով մեկ», - պատմեց կինը։
Լրատվամիջոցների անդրադարձից հետո մանկապարտեզի մյուս ծնողները գնացել էին Քննչական կոմիտե ու ցուցմուքններ տվել։ Հայտարարել էին, թե իրենց երեխաները հանցագործներ չեն ու չէին կարող այդպիսի դաժանություններ անել։ Ծնողները նաև հարցնում էին՝ ինչո՞ւ է մայրը 2 տարի անց որոշել խոսել։
Այսօր երեխայի մայրն ասաց՝ ի՞նչ երկու տարի, խոշոր հաշվով իր երեխաները մեկ տարի էլ չեն հաճախել այդ մանկապարտեզ՝ քովիդով և արձակուրդներով պայմանավորված։ Պնդեց՝ հենց առաջին իսկ օրերին, երբ ավագ դուստրն ասել է, որ դայակը հեռախոսով պարբերաբար նկարում է փոքր քրոջը, ինքը դիմել է նախկին տնօրենին, վերջինիս պահանջով էլ դայակի հեռախոսից այդ նկարները ջնջվել են։ Արդեն հանգուցյալ նախկին տնօրենը նաև խոստացել էր, որ երեխայի ականջները քաշելու դեպքն այլևս չի կրկնվի։
Մայրը պնդւոմ է՝ երեխան դաժան վերաբերմունքի է արժանացել միայն այն պատճառով, որ հայրը պակիստանցի է. - «Իմանալով իմ երեխայի ազգությունը, այսինքն՝ օգտագործելով միայն այն փաստը, որ հայրը պակիստանցի ա՝ մարդիկ մոռացել եմ, որ սա փոքր երեխա է, հինգ տարեկան անմեղ երեխա։ Որոշ հարևաններից ականջիս հասավ որոշակի արտահայտություններ, որ տվյալ դայակ-դաստիարակներն արել են՝ մուսուլման էրեխա ա, արել ենք, լավ ենք արել»։
«Երեխաները մուսուլման չեն, հայրը նամակներ է գրել Հայաստանի գրեթե բոլոր իրավապահ կառույցներին ու պահանջել, որ նրանց իրավունքները պաշտպանվեն։ Հոր հետ խնդիր չկա, երրորդ երկիր գնալու միտք չունի», - սա արդեն տուժողի կարգավիճակ ունեցող անչափահաս երեխայի մոր պատասխանն է այն պնդումներին, թե ինքը ցանկանում է փախչել երրորդ երկիր, որպեսզի երեխաների հայրը նրանց չխլի իրենից։
Կնոջ կարծիքով, այդ լուրերը հնարել են պատմության առանցքային դերակատարները՝ ինքնապաշտպանվելու համար. - «Ո՞ր ծնողը այսուհետև կգնա հակառակ ցուցմունք կտա, կամ նույն երեխան, որի մայրը բուժքույր է աշխատում այդ նույն մանկապարտեզում...»
Մայրն ասում է՝ երեխան մանկապարտեզից ոչինչ չի պատմել, սպառնացել են՝ եթե որևէ մեկին պատմես, ապա ավելի վատ բաներ կկատարվեն քեզ հետ։ Երեխային մանկապարտեզից հանելու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ նա սուր գլխացավերով է տուն վերադարձել։ Մոր խոսքով, միայն այն ժամանակ, երբ երեխային խոստացել է, որ այլևս չի գնա այդ մանկապարտեզ, նա պատմել է, որ խմբի մյուս երեխաներն իրեն հրել գցել են հատակին, հետո դայակը դիմել է բուժքրոջը։
«Կանչել ա բույժքույրին, ասել ա՝ արի մի հատ սրան տար, սրսկի, թող լացը կտրի, մայրը գա տանի, չտեսնի։ Էս դեպքից էլ սկսել ամբողջ բացահայտումը մնացած օրերի ընթացքում, թե ինչ են արել երեխայի հետ»։
Այս կնոջ ու նրա երեխայի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Ասաց՝ լրատվամիջոցների նախորդ անդրադարձից հետո իր վստահորդները հասարակական պարսավանքի են ենթարկվում, համացանցում կյանքին սպառնացող գրառումներ են անում։
«Գործով մեղադրյալ ներգրավված մանկապարտեզի աշխատակցիները գնում են աշխատանքի։ Դա շատ վատ է», - ասում է փաստաբանն ու ընգծում՝ քննությունը նոր է սկսվում, իրեղեն ապացույցների ուսումնասիրություններ պետք է արվեն. - «Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, կարող են ոչնչացնել իրեղեն ապացույցներ, անօրինական ազդեցություն գործադրել գործով անցնող դատավարության մասնակիցների վրա, ովքեր պետք է վաղը դառնան, օրինակ, գործով վկաներ, ինչը միանշանակ է, որովհետև փաստորեն մենք գործ ունենք մի միջավայրի հետ, որտեղ մանկապարտեզը գտնվում է մի տեղ, որտեղ նույն շրջապատի երեխաներն են հաճախում, բոլորը միմյանց ճանաչում են»։
Իր վստահորդն աշխատանքի է գնում, որովհետև դատարանի որոշում չկա, որ արգելված է դա, ասում է մանկապարտեզի աշխատակիցներից մեկի փաստաբան Ենոք Ազարյանն ու խորհուրդ տալիս Ինեսսա Պետրոսյանին քննիչի դեր չստանձնել։
Առհասարակ այս պատմությունը, գործով մեղադրյալի փաստաբանի կարծիքով, շատ հարցականներ ունի. - «Պատկերացնո՞ւմ եք, երեխային խաղալիքով այրեն, ի՞նչ ձայն կհանի երեխան... ու ոչ մեկ չի լսել, ոչ մեկ դրա մասին չիմանա, ոչ մի ծնող, ոչ մի դայակ, դաստիարակ, հարևան, բնակիչ, ոչ մեկ։ Միայն ինքը գիտի դրա մասին, ուրիշ ոչ մեկ։ Հնարավոր է, որ ոչ թե երեխան ա ասում կամ նման վառ երևակայություն ունի, այլ երեխային ասում են ինչ ասի»։
Փաստաբանների խոսքով, այս գործի շրջանակներում 40 մարդ է հարցաքննվել, երկու մեղադրյալ կա, նրանցից մեկն անգամ մի քանի ժամ ձերբակալված է մնացել։ Իսկ Քննչական կոմիտեից այս ամենը ոչ հաստատեցին, ոչ հերքեցին, առհասարակ որևէ տեղեկություն չտրամարդեցին, ասացին՝ քննություն է ընթանում։
Երևանի քաղաքապետարանից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ մոր բողոքից հետո լսել են նրան ու երեխային, մասնագիտական ուսումնասիրություններ են արել ու կարճ ժամանակ անց գործը փոխանցել են ոստիկանություն։