Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը այսօր իր երկրորդ նիստն անցկացրեց և դարձյալ 2 ժամից ավելի քննարկեց առավելապես տեխնիկական հարցեր։ Հիմնական քննարկումը ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները։
Վերջնարդյունքը այսպիսին է՝ առավելագույն ձայներ ստացած հինգ թեկնածուների անունները կներկայացվեն վարչապետին։
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու համար նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։
Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը գլխավորող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում է՝ քննարկումների ընթացքում մասնագետները կորոշեն ինչպիսի նախագիծ ներկայացնել, իսկ վարչապետ Փաշինյանը, ում հրամանով և ստեղծվել է խորհուրդը, իրեն ոչ մի գաղտնի հանձնարարական չի տվել։
«Քաղաքական որոշումը, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի է ընտրելու, ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է այս խորհրդից: Ես երաշխավորում եմ, որ որևէ այլ մարմին հիմա չունի նման քաղաքական որոշում, և էլի եմ ասում՝ առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը», - նշեց Անդրեասյանը:
Հայաստանը խորհրդարանական կառավարման անցավ 2018 թվականին՝ սահմանադրական հանրաքվեից 3 տարի անց, որն այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը «կեղծ օրակարգ» էր որակում։ 2018-ին իշխանության գալուց հետո վարչապետը երկրի կառավարման համակարգի մասին իրար հակասող դիրքորոշումներ է հայտնել։ 2021-ի այսպես կոչված «ռազմական հեղաշրջման փորձին» հաջորդած մարտիմեկյան հանրահավաքին չէր բացառել, որ կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցը դրվի հանրաքվեի, իսկ տարեվերջյան առցանց ասուլիսին արդեն կողմ արտահայտվեց խորհրդարանական ձևին։
«Վարչապետի հայտարարությունները ոչ թե իրար հակասող էին, այլ փոխլրացնող էին և ժամանակի ընթացքում մտորումներ էին մեր ժողովրդի կարիքների մասին: Այո, քննարկումներ եղել են, բնականաբար, կառավարության ծրագրի քննարկումների շրջանակներում, ավելի լայն կազմով եղել են Ազգային ժողովում և այդ բոլոր հայտարարությունների իմաստը հետևյալն է՝ գտնել ամենաօպտիմալ ճանապարհը լուծելու կառավարման կարգը Հայաստանում, նաև բաշխել լիազորությունները բոլոր իշխանության թևերի մեջ այնպես, որ մարդկանց մոտ լինի և՛ արդարության զգացում, բայց միևնույն ժամանակ կառավարման էֆեկտիվություն», - հայտարարեց նախարարը:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվում են իշխանության վերարտադրման նախադրյալներ ստեղծելու համար, արդարադատության նախարարն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման անսպառ հնարավորություն լավագույնս տալիս է հենց գործող Սահմանադրությունը. «Եթե պետք լինի, կարող է 5 անգամ էլ վարչապետ վերընտրվել, 10 անգամ էլ, և որևէ սահմանափակում չկա, այնպես որ նախկին փորձից կամ սեփական արշինով չափել ամեն մի նախաձեռնություն ճիշտ չի լինի: Եթե որևէ ցանկություն լիներ ուղղակի ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս Սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»:
Հիշեցմանը, թե հենց սա էր հեղափոխությամբ իշխանության եկածներին ուղղված քննադատություններից մեկը, որ այդպես էլ չփոխվեց վարչապետին չափազանց լայն լիազորություններ ընձեռող և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ընդունված Սահմանադրությունը, Անդրեասյանը արձագանքեց, թե իրենց քաղաքական թիմը հնարավոր ամեն ինչ արել է փոփոխությունների համար:
Լրագրողների հարցին՝ «պատրաստվո՞ւմ եք հրաժարվել Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումից, այսինքն վարչապետի լիազորությունները նվազեցվելո՞ւ են», Անդրեասյանը պատասխանեց. «Բա որ համաձայն չլինեինք, էլ ինչի՞ էինք այս ամբողջ գործընթացը սկսում»:
Խորհրդի մեկ այլ անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է՝ հիմնական խնդիրներից մեկը խորհրդարանի կողմից գործադիրի վերահսկման արդյունավետ մեխանիզմներ գտնելն է։
«Օրինակ ասենք՝ նույն Ազգային անվտանգության ծառայությունը, քննչական մարմինները, Պետական եկամուտների կոմիտեն, դրանց նկատմամբ, որոնք գտնվում են գործադիր իշխանության ուղղակի ենթակայության ներքո, անմիջական պառլամենտական վերահսկողություն չկա: Սա իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի կոպիտ ոտնահարում է», - նշեց Սաքունցը:
Կառավարության ծրագրով նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը ամփոփել մինչև 2023 թվականը։ Խորհրդում լիահույս են, որ հանձնաժողովի անդամների ընտրությունից հետո կանցնեն արդեն բովանդակային քննարկման։
Նախարարն առաջարկեց հաջորդ նիստը փետրվարի 25-ին հրավիրել, հետո քննարկումներ անցկացնել յուրաքանչյուր տասն օրը մեկ։