Կաճաճկուտցի Օֆելյա Գրիգորյանը, հաշվելով գյուղի կողպված դռներն, ասում է՝ 30 տարում գրեթե կիսով չափ նվազել են իրենց գյուղի բնակիչները։
«Ես մթության տարիներին եկա, քաղաքի բնակիչ եմ, 120 բնակելի տուն կար` մեջին ապրող, հիմա 70-ն էլ չկա, գնացել են», - նշում է նա:
Բազմաթիվ չլուծված խնդիրները Կաճաճկուտից անվերադարձ հեռացրել են ավելի քան 50 ընտանիքի։ 5 տարի առաջ Ալավերդի քաղաքին միացած գյուղի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը հաստատում է՝ հեռացածների մեծ մասը վերադառնալու միտք չունի. «Հիմնալանում ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան, կամ ընտանիքի ինչ-որ մի անդամ տարիներ առաջ Ռուսաստան է գնացել, մնացած անդամներին տեղափոխում է: Այս պահի գնացողները բոլորը հայրական տներն ունեն, բայց հետ գալու միտք չկա, բնակության նպատակով են տեղափոխվել»:
Գյուղի դպրոցի 9-րդ դասարանի երեխաները հարցումներ էին արել մեծերի շրջանում, թե ինչո՞ւ իրենց գյուղում այդպես էլ ջրի խնդիրը չի լուծվում, աղբամաններ չեն տեղադրվում, ինչո՞ւ ամեն թեթև քամուց էլեկտրասյուները գետնին են տապալվում, ու գյուղում օրերով հոսանք չի լինում։ 9-րդցի Մարիամը մեծերի պատասխանից եզրակացրել է՝ անպատասխանատու են. «Բոլոր բնակիչներն էլ ուզում են, որ խնդիրը լուծվի, սակայն չեն աշխատում այդ ուղղությամբ, մի մասը հուսալքված է, հույս չունեն, որ կարա այդ հարցը մեր գյուղում լուծվի»:
Ալինա Խաչիկյանը 13 տարի առաջ Վանաձորից տեղափոխվել է Կաճաճկուտ` դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու։ Սիրահարվել, ամուսնացել ու մնացել է գյուղում: Երեք տարի առաջ տնօրեն է նշանակվել։ Ասում է՝ չի փոշմանել քաղաքից գյուղ տեղափոխվելու համար։ Գյուղն ու գյուղացիներին սիրում է, բայց միաժամանակ նշում, թե Կաճաճկուտը հատկապես երեխաների համար լավագույն բնակավայրը չէ՝ անելիք չունեն. «Էստեղ հիմնականում մեղք մնում են երեխաները, որովհետև չկա ոչ մի խմբակ, որ երեխաները զբաղվեն օրվա ընթացքում: Մեկը ես, եթե իմ երեխան այսօր 12 տարեկան է, ես էլ կձգտեմ, որ երեխան ավելի լավ տեղ կրթությունը ստանա` Երևան, Վանաձոր »:
Ընդամենը 30 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենն ասում է՝ երեխաները գնալով պակասում են, բայց պատճառը ոչ թե ծնելիությունն է, այլ չդադարող արտագաղթը։ 4-5-րդ դասարանից երեխաներն ընտանիքներով հեռանում են գյուղից։ Ընդ որում ոչ թե համայնքի կենտրոն Ալավերդի, այլ ավելի մեծ քաղաքներ կամ արտերկիր։
«Երևան գնաց այս տարի երեք աշակերտ, մեկ աշակերտ Նոյեմբերյան գնաց, Ալավերդի էլ չունենք գնացող, այլ ավելի Երևան են ձգտում հիմնականում. երևի աշխատատեղ շատ կա, հնարավորությունները շատ են, ծնողները ձգտում են այնտեղ ապահովել իրենց երեխաներին»:
Գյուղում միակ լուսավոր կետն ըստ դպրոցի տնօրենի` «Արմատ» լաբորատորիան է, որտեղ համակարգչային գիտելիքներ են ստանում դպրոցականները։ Բայց Ալինա Խաչիկյանն ասում է՝ սենյակը շատ հաճախ կողպած է լինում, երեխաները չեն էլ հաճախում, քանի որ գյուղատնտեսական գործերում ստիպված են օգնել ծնողներին։ Հատկապես գարնանն ու աշնանը դպրոցահասակ երեխաները հաճախ անգամ դասերից են բացակայում, քանի որ ծնողների հետ սար պիտի գնան, անասունների կերն ապահովեն կամ նույնիսկ կաթը քաղաք հասցնեն. «Ցանկացած օր, ցանկացած ժամի եթե իրենք դպրոցում չեն, ուրեմն օգնելու են անասունին խնամելու, ջուր տանելու, կեր տանելու, այդ աշխատանքները կատարելու են: Դրա համար այստեղ հիմնական տուժողը երեխաներն են, մեծերն իրենց զբաղմունքը հաստատ կգտնեն, թեկուզ հարևանների տանը սուրճ խմելով»:
Տնօրեն Ալինա Խաչիկյանը ցավով է նշում, թե քաղաքներից հեռու, գյուղական փոքր բնակավայրերում կրթությունն առաջին տեղում չէ։ Գյուղից հեռացողներն առաջին հերթին ոչ թե կրթության հետևից են գնում, այլ սոցիալական խնդիրները մեղմելու:
«Մարդ կա, ընտանիքով 1-2 կովով հազիվ ապրում էր, հետո Ռուսաստան է գնացել, ընտանիքին վերցնում, գնում է, գալիս է չաղացած, ավտոն առած, էստեղ էլ հազիվ էր ծերը ծերին հասցնում», - ասում է տեղացիներից մեկը:
«Ազատությունն» անցած տարեվերջին էր անդրադարձել, որ Ալավերդի քաղաքին միացված Կաճաճկուտում երկու տարի առաջ, չլուծված բազմաթիվ խնդիրները թողած, ավտոբուսի կանգառ են կառուցել, այն դեպքում, երբ գյուղում առնվազն վերջին 15 տարիներին ավտոբուս չի գործել։ Տեղի իշխանավորները խոստացել էին, որ հունվարից երկար սպասված ավտոբուսը կգործի։ Մինչև այսօր, սակայն, ավտոբուսը չի գործում՝ կաճաճկուտցիները շարունակում են տաքսիով 12 կմ անցնել և Ալավերդի հասնել։