Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է երեկ երեկոյան և անցած գիշեր հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվական վարչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր, թե երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները «առանց որևէ պատճառի» գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի Զյարքենդ, իսկ գիշերը՝ Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղերի ուղղություններով։

XS
SM
MD
LG