Մատչելիության հղումներ

Պաշտոնական Թբիլիսին զուսպ է արձագանքում Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին


Վրաստանի Արտգործնախարարության շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի Արտգործնախարարության շենքը Թբիլիսիում, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին բավական զուսպ է արձագանքում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նախօրեին հնչեցրած հայտարարություններին։

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Բելառուսի նախագահը չէր բացառել Հարավային Օսիայի և Աբխազիայի՝ Մինսկի կողմից ճանաչման հնարավորությունը՝ պնդելով, թե դա կարող է արվել այն դեպքում, եթե Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարի՝ նման անհրաժեշտություն առկա է։

«Նման կենսական անհրաժեշտություն կա՞», - հարցով հարցին էր պատասխանել Լուկաշենկոն՝ հավելելով, -«[կճանաչենք ] հենց որ ես հասկանամ, որ նման անհրաժեշտություն առկա է և հենց որ [Ռուսաստանի] նախագահն ինձ ասի, որ դրա կարիքը կա»:

Վրաստանի արտգործնախարարությունը Լուկաշենկոյի այս հայտարարությանն արձագանքեց հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից մի քանի ժամ անց՝ երկուշաբթի երեկոյան։ Դատելով, սակայն, վրացական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության տոնայնությունից՝ Թբիլիսիում Բելառուսի հետ հարաբերությունները սրելու մեծ ցանկություն չունեն։

«Հաշվի առնելով Բելառուսի և Վրաստանի միջև ձևավորված երկկողմ հարաբերությունների բնույթը՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի, այսպես կոչված, անկախության ճանաչման հարցը օրակարգում չէ։ Այս առումով Բելառուսը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերի հիմնարար սկզբունքներին», - երեկ պատասխանելով Վրաստանի հանրային հեռուստատեսության գրավոր հարցմանը՝ նշել էր Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարի Նարչեմաշվիլին։

Վրացական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Լուկաշենկոյի հայտարարության որոշ դրույթներ անհարկի աղմուկի տեղիք են տվել նախևառաջ ռուսական լրատվամիջոցների կանխամտածված գործողությունների պատճառով։

«Բելառուսի նախագահի հարցազրույցի որոշ հատվածներ ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ինչպես միշտ մեկնաբանվում են նպատակաուղղված կերպով և հենց այդ տեսքով էլ հրամցվում են հանրությանը», - հայտարարում էր Վրաստանի ԱԳՆ խոսնակը։

Ուշագրավ է ի դեպ, որ սա առաջին դեպքը չէ, որ Լուկաշենկոն անդրադառնում է Վրաստանից անջատված շրջանների անկախության հնարավոր ճանաչմանը՝ երբեմն հանդես գալով իրարամերժ պնդումներով։

Այսպես՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից մի քանի օր անց Բելառուսի նախագահը Սոչիում հանդիպել էր երկու ինքնահռչակ հանրապետությունների այն ժամանակվա ղեկավարներ Էդուարդ Կոկոյտիի և Սերգեյ Բագափշի հետ՝ հայտարարելով, թե միանշանակորեն պաշտպանում է Մոսկվայի կողմից Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը։

Լուկաշենկոյի այդ քայլից հետո շատերին թվում էր, թե Բելառուսը կլինի աշխարհի առաջին պետություններից մեկը, որ պաշտոնապես կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Մինսկը, սակայն, տարիներ շարունակ հետևողականորեն խուսափում էր այդ քայլից։ Իսկ 2015 թվականին, իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանելով Թբիլիսի, Լուկաշենկոն հանդես եկավ տրամագծորեն հակառակ դիրքերից՝ փաստորեն ճանաչելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ամոթով պետք է խոստովանեմ, որ Վրաստանում իմ ողջ կյանքի ընթացքում միան մեկ անգամ եմ եղել՝ դեռ խորհրդային տարիներին՝ Աբխազիայում», - 2015 թվականի ապրիլին Թբիլիսիում հայտարարում էր Բելառուսի նախագահը։

Մինսկից հնչող նոր հայտարարությունների ֆոնին Վրաստանից անջատված տարածաշրջաններից մեկի՝ Հարավային Օսիայի ղեկավարությունը կրկին հայտարարում է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու ցանկության մասին։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը այս մասին հայտարարեց նախօրեին՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում։

«Օսերը պառակտված ժողովուրդ են և այդ պառակտումը հարկավոր է վերացնել։ Շատերն են խոսում անկախության մասին, այն մասին, որ Հարավային Օսիան պետք է անկախ լինի։ Ոչ, անկախությունից ավելի կարևոր է ազգի, էթնոսի միավորումն՝ իր ավանդույթներով, սովորույթներով, լեզվով հանդերձ», - հայտարարում էր Անատոլի Բիբիլովը՝ պնդելով, թե Ռուսաստանի կազմում ընդգրկված միասնական օսական հանրապետության ստեղծումն իր ժողովրդի վաղեմի երազանքն է։

«Դա Անատոլի Բիբիլովի քմահաճույքը չէ։ Դա ժողովրդի ցանկությունն է դեռ նախորդ հարյուրամյակի 20-ական թվականներից», - ընդգծու էր Հարավային Օսիայի ղեկավարը։

XS
SM
MD
LG