Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Տոկիոյին խնդրում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, եթե հարձակվի Ուկրաինայի վրա


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան տեսակապով զրուցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, Տոկիո, 21 հունվարի, 2022թ.
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան տեսակապով զրուցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, Տոկիո, 21 հունվարի, 2022թ.

Միացյալ Նահանգները Ճապոնիային խնդրում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցն, այն դեպքում, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա: Այդ մասին՝ հղում անելով մի անանուն դիվանագիտական աղբյուրի, հայտնել է Kyodo News ճապոնական լրատվական գործակալությունը:

Kyodo News-ը նշում է, որ դա բավական բարդ խնդիր է Ճապոնիայի համար, քանի որ պատժամիջոցների սահմանումը բացասական կազդի ռուս-ճապոնական հարաբերությունների և, մասնավորապես, խաղաղություն կնքելու պայմանագրի շուրջ բանակցությունների վրա:

Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի երկրորդ կեսին կայցելի Տոկիո: Ամերիկա-ճապոնական բանակցություններում առանցքային թեմաներից մեկը կլինի Ճապոնիայի՝ իբրև ԱՄՆ-ի դաշնակցի և «Մեծ յոթնյակի» անդամի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում:

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Խայասին այս շաբաթվա ընթացքում հրաժարվել է հստակ ներկայացնել Տոկիոյի դիրքորոշումը, նշելով, որ տվյալ պահին այդ հարցը սոսկ տեսական բնույթ ունի:

Հունվարի 21-ին վարչապետ Կիսիդան և նախագահ Բայդենը տեսակապով քննարկել են մի շարք հարցեր: Կողմերը նշել են, որ «անհրաժեշտ է սերտ համագործակցել և ջանքեր գործադրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG